
ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

Ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ներդրված համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։
Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները. մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտություն այլևս չկա:
«Բիզնես-մաքսային մարմին շփումը պարզեցնելու միտված այս նախաձեռնությամբ կրճատվում է մաքսային գործողությունների ժամանակը, նվազագույնի հասնում մաքսավոր-տնտեսվարող շփումը և մաքսատուն-վարչություն ներկայանալու անհրաժեշտութունը»,-նշել է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանը՝ հավելելով, որ հայտարարագրի լրացումից մինչև գնահատում և վճարում՝ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:
Էլեկտրոնային հայտարարագրման ներդրման օրվանից մինչև այսօր Արարատյան մաքսատուն-վարչությունում ներկայացվել և բաց է թողնվել մոտ 1000 էլեկտրոնային հայտարարագիր:
Աղասի Աղայանը տեղեկացրել է, որ ՊԵԿ մաքսային ծառայողները շարունակում են օգնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելիս, մինչև նրանք ամբողջությամբ կտիրապետեն էլեկտրոնային հարթակում հայտարարագրումն ինքնուրույն կատարելու գործընթացին:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին