Բաժիններ՝

ԱԺ-ն հավանություն տվեց ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին

ԱԺ-ն հավանություն տվեց ոռոգման համակարգի բարելավման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին:

Վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 31 պատգամավոր: Համաձայնագրին դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Համաձայնագիրը դեռևս 2013 թ. հունիսի 11-ին Համաշխարհային բանկի և Հայաստանի կողմից վավերացված ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի վարկային փոխառության տրամաբանական լրացումն է: Վարկային ծրագրով նախատեսված էր 30 միլիոն դոլարի վարկ, ևս 7.5 միլիոն դոլարի համաֆինանսավորում, որով նախատեսված էր հիմնականում Մեղրի, Քաղցրաշեն և Բաղրամյան-Նորակերտ տարածքներում մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոս համակարգով:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող 2 միլիոն դոլարի վարկային միջոցները չեն ուղղվելու առաջին ծրագրի որևէ հատվածի ավարտին, այն ամբողջությամբ նոր ծրագիր է: Բաղրամյան-Նորակերտ հատվածում ջրագծի կառուցման ընթացքում հայտնաբերվել է, որ կա մոտ 573 հեկտար ոռոգելի հողատարածք, որից ընդամենը 45 հեկտարն է ոռոգվում: Չոռոգման հիմնական պատճառը գերնորմատիվային կորուստներն են և քայքայված ոռոգման համակարգը: Առաջարկվող ծրագրով այդ 573 հեկտար տարածքներում ամբողջությամբ կառուցվելու է փակ համակարգ, տեղադրվում են ֆիլտրեր, արևային պանելներ և հաշվիչներ:

Վարկային ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարում այդ 573 հեկտար տարածքն ապահովել ոռոգման ջրով, ինչի արդյունքում այդ տարածքներում 11-14 տոկոսով կբարձրանա բերքատվությունը, ինչպես նաև տարեկան 5 միլիոն խորանարդ մետր ջուր տնտեսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս