Սարգսյանն ու Ալիևը լուծեցին հարցերը. նոր իրավիճակ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկ­նածու առաջադրելու պաշտոնա­կան որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն:

Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախա­գահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատես­ված հերթական նախագահա­կան ընտրությունները տեղափո­խել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, ինչը, սա­կայն, խանական Ադրբեջանի պայմաններում ամենևին ար­տառոց բան չէ:

Այդպիսով` Հայաստանում և Ադրբեջանում 2018թ. ապրիլը հաստատում կամ վերահաստատում է իշխանական կոնֆիգու­րացիաները կամ ստատուս քվոն, ու դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական դիմակայության բավականին բարձր, գերբարձր լարվածության ֆոնին, երբ աշ­խարհը կանգնած է գրեթե նոր Կարիբյան ճգնաժամի շեմին, իհարկե` հույսով, որ այս անգամ էլ ճգնաժամը չի վերաճի միջուկային տերությունների միջև բախման:

Նրանց միջև ուղիղ բախումներից խուսափումը մի կողմից կարող է նշանակել լիցքաթափում, մյուս կողմից` կարող է նշանակել, որ ու­ղիղ բախման տարբերակին նրանք կնախընտրեն անուղղա­կի, այսինքն` որևէ այլ տիրույթում այլ սուբյեկտների միջոցով բախումը: Ու քանի որ այդպիսի տար­բերակի հնարավոր օջախ կարող են լինել կոնֆլիկտային գոտիները, ապա Հայաստանն ու Ադրբեջանն այդպիսի գոտի են:

Մյուս կողմից` այս գոտին գոնե առայժմ այն բացառիկ տարածքն է, որ­տեղ դիմակայության մեջ գտնվող ԱՄՆ-ն և Ռուսաստանը գերա­զանցապես գործակցում են, քան բախվում:

Կփոխվի՞ որևէ բան ապրիլից հետո, թե՞ ոչ, սա է խնդիրը, և այս հարցը առաջացել է հենց այն պա­հից, երբ Ալիևը հոկտեմբերին տե­ղի ունենալիք հերթական ընտրու­թյունը տեղափոխեց ապրիլ` ար­տահերթի, շատերի մոտ տպավո­րություն ստեղծելով, որ ցանկա­նում է ազատել ձեռքերը ռազմա­կան գործողությունների համար:

Ալիևի տոկոսները, իհարկե, նրա ձեռքերն ազատելու պարարտ հող են, մյուս կողմից` անկասկած է, որ տոկոսներով չէ, որ այդ հարցը լուծվելու է, այլ աշխարհաքաղաքական գործոնների և Հայաս­տանի պաշտպանունակության գործակցի վիճակով: Այդ իմաս­տով Հայաստանի պաշտպանությունն ավելի բարձր է, քան երկու տարի առաջ ապրիլին, և Հայաստանը, մեղմ ասած, ավելի խոցելի չէ: Մյուս կողմից, սակայն, Ալիևի հա­մար մարդկային կյանքը երբեք չի ունեցել արժեք, և այդ իմաստով կարևոր է, թե ինչպիսին է աշխարհաքաղաքական ֆոնը:

Այստեղ իհարկե, Ապրիլյան քա­ռօրյայից հետո Ադրբեջանի հա­մար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտա­բար, որովհետև Ադրբեջանի հոգ­սը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղա­ղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության:

Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածու­թյունները` թե´ իր, թե´ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար կարևորն այն է, որ ունենա ազդե­ցիկ ուժային հովանի, որ ռազմա­կան ավանտյուրայի համար չկրի, այսպես ասած, քաղաքական պատասխանատվություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս