Բաժիններ՝

Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 11-ին հրապարակել է անցումային երկրներում ազատության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Զեկույցում անցումային երկրներում ազատության իրավիճակին գնահատական է տրվել այնպիսի ցուցանիշների վերլուծության արդյունքում, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարման, ընտրական գործընթացների, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման, իրավական համակարգի անկախության, կոռուպցիայի ցուցանիշները:

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել:

«Ադրբեջանում շարունակվել են ազատությունների սահմանափակումները, ուժեղացել են իշխանությունների հակառակորդների նկատմամբ ճնշումները, քաղաքական մոտիվներով ձերբակալությունները դարձել են սովորական»,-նշվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ժողովրդավարական կանոնների և չափանիշների անտեսումն ազգային քաղաքականության բնույթ է ստացել:

«Այս ամենն արտացոլվում է երկրի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների անտեսմամբ, իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներով, եվրոպական գործիչների կաշառմամբ, անցանկալի սոցկայքերի արգելափակմամբ, հավատացյալների նկատմամբ ճնշումներով և այլն»,- նշվում է կազմակերպության զեկույցում:

Ադրբեջանում ապրիլի 11-ին անց են կացվում նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ ուղեկցվում են հակաժողովրդավարական մեթոդների կիրառմամբ, ավանդական դարձած ընտրակեղծիքներով, լրագրողների և դիտորդների նկատմամբ իրականացվող ճնշումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս