Էրդողանը քննադատել է Աֆրինը Դամասկոսի հսկողությանը հանձնելու Լավրովի հորդորը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջարկությունը, որն Անկարային առաջարկել է սիրիական Աֆրինը հանձնել Դամասկոսի հսկողությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Լավրովի մոտեցումը ճիշտ չէ: Մենք բոլորից լավ գիտենք՝ ում հանձնել Աֆրինը: Երբ ժամանակը գա, Աֆրինը կհանձնենք նրա բնակիչներին»,-ասել է Էրդողանը՝ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո լրագրողների հետ Անկարայում կայացած հանդիպմանը:
Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով: «Մենք այնտեղ ենք եկել ոչ որպես զավթիչներ եւ չենք պատրաստվում այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Մենք Աֆրինը մաքրեցինք ահաբեկիչներից, այժմ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սիրիայում այժմ իշխանության վակուում է, կան տարբեր ուժեր, ընդդիմություն: Մենք Աֆրինում իշխանությունը կհանձնենք տեղի բնակիչներին, որոնք իրենք կկարգավորեն իրենց կյանքը: Այժմ գլխավորը ճգնաժամից քաղաքական ելք գտնելն է, եւ հենց որ այն գտնվի, մենք կհեռանանք այնտեղից»,- ասել է Բոզդաղը լրագրողներին: Նա հավելել Է, որ սիրիական ճգնաժամն անկարելի է լուծել ռազմական ճանապարհով: