Համաձայնագիրը կուղղորդի ՀՀ-ԵՄ տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ. Կարեն Նազարյան
Աժ-ում քննարկվում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
«Հավատացած ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գործադիրի արդյունավետ քայլերը պետք է զուգորդվեն օրենսդիրի աջակցությամբ և վստահությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համաձայնագիրը արդյունք է հենց այդպիսի աջակցության և վստահության»,- ասաց Նազարյանը:
Նա նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի և Բրյուսելի միջև, հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են նոր համաձայնագրի հիմքում:
«Համաձայնագրով կստեղծվեն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր համագործակցություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն` ի օգուտ մեր քաղաքացիների: Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի տնտեսական համագործակցությանը` բարելավելով բիզնես միջավայրը, նոր հնարավորություններ կտա բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի համար»,- ասաց Նազարյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կուղղորդի Հայաստանի և Եվրոպական միության տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ: