Նոր աղմկահարույց դեպք Գորիսում. կիզակետում փոխոստիկանապետն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին երեկ հայտնի է դարձել, որ ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները Գորիսում փայտով բեռնված մեքենա են կանգնեցրել: Երբ ոստիկանները բեռնատարի վարորդից փայտի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են պահանջել, վերջինս հայտարարել է, թե այն տանում է կոնկրետ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Վարորդը, որ հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, տվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել:
Պատմությունն ավարտվել է նրանով, որ Արթուր Զեյնալյանն ազատվել է աշխատանքից, թեեւ ըստ մարզում շրջանառվող լուրերի` այդ փայտը տարվել է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի համար՝ հացի փռերին մատակարարելու նպատակով:
Բակունցը «Ժողովուրդ» թերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը: Իսկ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: