«Այս պահից Կարեն Կարապետյանը և կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Այս մասին Ա. Սարգսյանը հայտնեց Կարապետյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում:

«Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր և կառավարության հրաժարականը: Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ հրաժականը և ստորագրել համապատասխան հրամանագիրը՝ հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը և կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն:

Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Հույս հայտնեցի ու նաև վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ՝ հետագայում ևս այս կամ այն ձևով իր ներդրումն է բերելու և՛ կառավարությունում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր գործիչները, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ցավոք սրտի շատ չեն: Հուսամ՝ ապագայում ավելին կլինեն: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել»,- ասաց Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս