
Պորոշենկոյի վարչակազմը պնդում է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Դոնբասում ՄԱԿ-ի առաքելությանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ: Ինչպես ապրիլի 9-ին հայտարարել է Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Դոնբասում ՄԱԿ-ի առաքելությանը։
«Թուրքիան պաշտպանեց ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ծավալումը Դոնբասի օկուպացված մասում եւ հայտարարեց դրան մասնակցելու պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պորոշենկոյի վարչակազմում հավելել են, որ Ուկրաինայի նախագահը թուրքական կողմին իրազեկել է Դոնբասի իրադրության մասին:
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանատան մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի ծառայության այն հաղորդագրությունը, թե Թուրքիան հայտարարել է Դոնբասում ՄԱԿ-ի առաքելությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 9-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Էրդողանի դիվանատան ներկայացուցիչը: «Ներկայում մենք այդ թեմայով որեւէ մեկնաբանություն չունենք»,- ասել է գործակալության զրուցակիցը: