
Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլի 8-ին՝ ժամը 17:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի 34 QZ 476 (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) և «KIA» մակնիշի 877 TT 78 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները և դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Ա. Ս.-ը, 1989 թ. ծնված Ն. Դ.-ը և «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Ն. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: