Բաժիններ՝

Ո՞վ կլինի հավաքականի նոր մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերի կամ ժամերի ընթացքում: Արդեն իսկ շրջանառվում են հավաքականի նոր մարզչի մի շարք տարբերակներ: Առաջարկում ենք ծանոթանալ ամենաքննարկվող տարբերակներին:

Կարդացեք նաև

Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի հավաքականի երկրպագուները երկար ժամանակ է, որ նշում են, որ ցանկալի կլիներ հավաքականի ղեկին տեսնել Արմեն Գյուլբուդաղյանցին: Մարզիչը հատկապես հայտնի է նոր տաղանդներ փնտրելու և նրանց առաջխաղացնելու գործում:

Արմեն Գյուլբուդաղյանցը մարզչական կարիերայով զբաղվում է 2001 թվականից, երբ ստեղծվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբը:

Այս պահին Գյուլբուդաղյանցն ամենահավանական թեկնածուն է:

Այսօր «Փյունիկ» մարզադպրոցում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» հանդիպումից առաջ առանձնազրույց է ունեցել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, ով հիմա գլխավորում է «Փյունիկը»: Ամենայն հավանականությամբ, կողմերը քննարկել են հետագա աշխատանքը:

Վարդան Մինասյան

Վարդան Մինասյանի մարզած Հայաստանի հավաքականը համարվում է վերջին տարիների լավագույններից մեկը: 2009 թվականի մարտին, երբ Յան Պոուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ: Նա աշխատեց հավաքականի հետ մինչև 2013 թվականը:

Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չէր ընդունել: Ավելի ուշ, երբ հավաքականը շարունակում էր մեկը մյուսի հետևից պարտութուններ գրանցել, Մինասյանը որոշեց հեռանալ: Վարդան Մինասյանը Ռուբեն Հայրապետյանին հայտնել էր, որ նոր մրցաշրջանում չի ցանկանում գլխավորել հավաքականը՝ իր կարիերայի համար այլ տարբերակ փնտրելու նպատակով:

Մինասյանի նկատմամբ երկրպագուների վերաբերմունքը միշտ երկակի է եղել: Երկրպագուների մի մասը նշում է, որ Մինասյանը կարող է հավաքականին վերադարձնել երբեմնի մարզավիճակը, իսկ մյուս մասի կարծիքով՝ Մինասյանն արդեն իսկ արել է առավելագույնը հավաքականում:

Ինքը՝ Վարդան Մինասյանը, մեկ անգամ չէ, որ նշել է, որ չի ցանկանում վերադառնալ հավաքական:

Աբրահամ Խաշմանյան

Հայկական ֆուտբոլի ամենաքննարկվող մարզիչներից մեկը ևս երկրպագուների ֆավորիտներից է: Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի Բարձրագույն առաջնությունում հաջողություններ էր գրանցում՝ ղեկավարելով «Ալաշկերտը», սակայն օրերս հայտնել է, որ հեռանում է երևանյան թիմից:

Երկրպագուները Խաշմանյանի հեռացումը կապում են նրա հետ, որ նա կարող է գխավորել Հայաստանի հավաքականը: Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, որ Խաշմանյանը լարված հարաբերություններ ունի ՀՖՖ-ի հետ, որոնք, սակայն, մի կողմ է թողել հավաքականի համար:

Ջանի դե Բրիազի

Ալբանիայի հավաքականի նախկին մարզիչը ևս հավաքականը գլխավորելու թեկնածուներից մեկն է:

Բիազին Ալբանիայի հավաքականի հետ կարողացավ երրորդ տեղը գրավել խմբում՝ Եվրո 2016-ի նախընտրական փուլում:

2017 թվականին Բիազին հայտարարեց, որ ժամանակն է հեռանալու, քանի որ ինքն ունի նոր մարտահրավերների կարիք:

«Ժամանակն է՝ նոր մարտահրավերներ փնտրել, դա բնական գործընթաց է:  Ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը»:

Նշենք, որ մինչև այժմ Բիազին դեռ չի գտել իր նշած նոր մարտահրավերները: Գուցե դա լինի Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայում հաջողության հասցնե՞լը:

Արտասահմանցի մասնագետներ

Շատ է քննարկվում նաև այն, որ հավաքականը կարող է գլխավորել արտասահմանցի մասնագետ: Մի քանի անհաջող փորձերից հետո, սակայն, Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ ինքը տրամադրված չէ, որ հավաքականը գլխավորի արտասահմանցի մասնագետը:

Մյուս կողմից՝ Հայաստանում են արգենտինացի մասնագետներ, ովքեր աշխատում են մանկապատանեկան թիմերի հետ: Առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանի պատանեկան հավաքականները կմարզեն արգենտինացի մարզիչները: Դեռ անցյալ տարեվերջին ՀՖՖ-ի և արգենտինացի մի խումբ մասնագետների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել համագործակցության շուրջ և հիմա այն արդեն իրագործման ճանապարհին է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս