«Հիմնականում շուտ բացված խաղողի վազերն են ցրտահարվել»․ փոխնախարարը՝ վերջին օրերի ցրտահարությունների մասին
«Արմավիրի և Արարատի մարզերի որոշ համայնքներում վերջին օրերին ցրտահարություն է եղել։ Ցրտահարությունը մասսայական չի եղել, և վնասների չափն էական չէ»,- այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը։
Փոխնախարարի խոսքով՝ գուցե մեկ այգետիրոջ համար ցրտահարությունը լինի էական, բայց ընդհանուր կտրվածքով ծավալները մեծ չեն։
«Ժամանակ ենք խնդրել, որպեսզի կարղանանք հետագայում մասնագիտական առումով գրանցել՝ ինչի մասին է խոսքը։ Հիմնականում շուտ բացված խաղողի վազերն են ցրտահարվել։ Մեզ համար էլ էր զարմանալի, որ հողի մակերևույթին պետք է լիներ -3 -4, իսկ օդում չի գրանցվել բացասական ջերմաստիճան։ Ուղղակի մասնագիտական առումով քննարկում է եղել, և այն պահին, երբ բացասական հոսքը եկել է ցածր վայր, այդ ժամանակ էլ ցրտահարություն է գրանցվել։ Բայց վերականգնվող է, և հետագայում նորմալ կլինի։ Կայցելենք, կաշխատենք իրենց հետ»,- ասաց նա։