 
                        «Աշխատելու եմ Գլենդելի բարեկարգման և կյանքի որակի լավացման համար». Գլենդելի քաղաքապետ
 
                                    ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ զարկ է տրվելու մատչելի գներով բնակարանների շինարարությանը՝ հաշվի առնելով այն, որ կյանքը «շատ է թանկացել»: Կարևորագույն աշխատանքների թվում է լինելու նաև տրանսպորտի բարելավումը: Սինանյանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքային խորհրդի անդամներին, ովքեր իրեն են վստահել քաղաքապետի պաշտոնը՝ նշելով, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև լուրջ պատասխանատվություն:
«Աշխատելու եմ Գլենդելի բարեկարգման և կյանքի որակի լավացման համար»,-ասաց Սինանյանը:
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։
Սինանյանը մասնագիտությամբ իրավաբան է, քաղաքագետ: Նա որպես Գլենդելի քաղաքապետ պաշտոնավարել էր նաև 2014-2015 թվականներին: Երկրորդ անգամ այս պաշտոնին 2018 թվականի ապրիլի 3-ին նրան ընտրել են քաղաքային խորհրդի անդամները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        