Վատիկանում մեկնարկել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման և բացման արարողությունը
Վատիկանում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
Ինչպես Վատիկանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիսավոր արարողությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։
Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։
Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագել է երկու տարի առաջ, Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ Նախագահ Սարգսյանը Սուրբ Հորը նվիրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու փոքրիկ բրոնզե արձանը՝ հուսալով մի օր դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում։