«Չի կարելի այս տիպի կայանների հետ կապել բազային էներգետիկայի զարգացման հեռանկարները»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ցնծության մեջ էր։ Նա ֆեյսբուքյան իր էջում ավետել էր, թե էներգետիկ հեղափոխությունը թևակոխել է նոր և անբեկանելի փուլ՝ ավարտվել է Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթը, ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը:
«Սա վկայում է ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և մեր կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական-մասնավոր համագործակցության համատեքստում։ Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ այս մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»,- գրել էր վարչապետը։
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ փաստացի սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում թողարկվում է ցանցային արեգակնային ֆոտովոլտային կայան, ինչն ինքնին շատ ողջունելի է, և Հայաստանն այս առումով դասվում է զարգացող երկրների շարքին։
Սակայն, ըստ նրա, այս տիպի կայանների հետ չի կարելի կապել բազային էներգետիկայի զարգացման հեռանկարները, որովհետև արեգակնային ֆոտովոլտային կայանները, ինչպես վերականգնվող էներգետիկ գրեթե բոլոր կայանները, չեն հանդիսանում տեղակայված երաշխավորված հզորություն, ուստի դրանք ենթակա չեն դիսպետչերիզացիայի, այսնքն՝ ղեկավարման, և ցանցային տեսանկյունից ունեն ստորադասյալ նշանակություն։
Փորձագետի խոսքով՝ գերակա նշանակություն ունեն այն կայանները, որոնք երաշխավորում են իրենց հզորությունները, այսինքն՝ աէկ-ները և խոշոր ջրամբարներով հէկ-երը։
«Բայց սա լուրջ հաջողություն և լուրջ առաջխաղացում է։ Եվ այդ կապակցությամբ շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին»,- նկատեց Ա.Մարջանյանը։
Ամեն դեպքում, ըստ նրա, ելնելով ընդհանուր ցուցանիշների վերլուծությունից՝ կարելի է ասել, որ այս շուկան գրավիչ չէ արտասահմանյան ներդրողների համար, բայց կոնկրետ ծրագրերում, կոնկրետ առանձնահատկությունների շնորհիվ՝ հնարավոր է, որ գրավչությունը մեծանա, օրինակ՝ եթե իրականացման որոշ փուլերում ներգրավվեն ոչ թե վարկային, այլ դրամաշնորհային միջոցներ։
Անդրադառնալով վերջերս Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հայտարարությանը, թե առաջիկա 10 տարիներին Հայաստանը ձգտելու է հրաժարվել գազային կայաններից և արևային էներգիայի մասնաբաժինն ամբողջում հասցնել 18%-ի, Ա.Մարջանյանն այդ թիրախն անիրականանալի անվանեց.
«Դա բացարձակորեն իրատեսական գնահատական չէ։ Դրա համար կա 2 կարևորագույն խոչընդոտ, առաջինն արեգակնային ֆոտովոլտային էներգիայի թանկությունն է։ Այն մոտավորապես 5 անգամ ավելի թանկ է, քան հէկ-երի, և մոտ 3-4 անգամ թանկ, քան աէկ-ի և գազով աշխատող կայանների էներգիան։ Ուստի այն պարզապես չի մրցակցի այդ էլեկտրական էներգիայի աղբյուրների հետ։
Երկրորդ էական խոչընդոտն այն է, որ, ինչպես ասացի, ֆոտովոլտային էլեկտրակայանները երաշխավորված հզորություն չեն, ուստի ցանկացած երկրի էներգահամակարգ կարող է միայն սահմանափակ քանակությամբ նման կայաններ ունենալ, ոչ ավելի, քան ընդհանուր երկրի դրվածքային հզորության 25-30%-ը։ Այս պահին երկու խոչընդոտներն էլ անհաղթահարելի են»։
Դիտարկմանը, որ Եվրոպայում գյուղեր կան, որ ամբողջությամբ անցել են արևային էներգասնուցման, Ա.Մարջանյանը պատասխանեց, որ դա զարգանում է միայն, այսպես կոչված, ցուցահանդեսային կամ պիլոտային ծրագրերի շրջանակներում. «Գոյություն չունի ֆոտոէլեկտրակայան, որ շահավետ աշխատի զուտ շուկայական պայմաններում։ Այդպիսի բան գոյություն չունի Երկիր մոլորակի որևիցե երկրում»։