«Բուրգեր Քինգ»-ի՝ ալկոհոլ վաճառելու թույլտվության ժամկետը լրացել է 2017թ.. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արամ Թամազյանը, ՏՔՎԳՎ գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանը, ավագ քննիչ Գարիկ Նահապետյանը։
Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացված 8 անձ ճանաչվել է տուժող:
Խորհրդակցության ընթացքում քննիչը ներկայացրել է հասարակական վայրում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունները, մշակված աշխատանքային վարկածները, դրանք ստուգելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Նախնական վարկածի համաձայն՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը, որի պատճառները պարզելու համար նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն։
Քննության արդյունքում պարզվել է, որ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը 2017 թվականի նոյեմբերին, օրենքով սահմանված կարգով, ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, ինչի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո ընկերությունը դիմել է՝ թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանն ստանալու շարունակել ծառայության մատուցումը։
ՀՀ ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ պարզել, թե արդյոք «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետն իրավունք ուներ շարունակել ալկոհոլային խմիչքների վաճառքն առանց դիմումի պատասխանն ստանալու, իրավասու մարմինների կողմից ինչ ընթացք է տրվել դիմումին և ինչու դիմումատուն դրա քննարկման արդյունքների մասին չի տեղեկացվել, դիմումն ստանալուց հետո ալկոհոլի, այդ թվում՝ գարեջրի վաճառքն իրականացնելու համար ստուգվել են արդյոք սննդի կետում ստեղծված անհրաժեշտ պայմանները, գլանատակառի շահագործման համար կան նախատեսված անվտանգության ապահովման պայմաններ, եթե ոչ, եթե այո, ապա ով է պատասխանատու սննդի կետերում ստուգել դրանց առկայությունը, պահպանումը, ով է պատասխանատու սննդի կետում գլանատակառի մոնտաժման աշխատանքների, շահագործման անվտանգության համար և այլն։
Գլանատակառի պայթելու պատճառները և նպաստող պայմանները պարզելու համար մշակվել են մի քանի ենթավարկածներ, որոնց ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ։
ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է նախաքննության արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել հանրությանը՝ թույլատրելիության շրջանակներում՝ չվտանգելով օբյեկտիվ և բազմակողմանի քննության հետագա իրականացումը։