«Հետևություն արվել է, պաշտոնանկություններ եղել են, հասարակությունը պետք է այդքանով բավարարվի». Գառնիկ Իսագուլյան

«Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո եղան պաշտոնաթողություններ՝ բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում, բայց պատերազմում որոշ խնդիրների հետ կապված՝ կոնկրետ մեղավորներ մատնանշելն իրականությանը չի կարող համապատասխանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ բանակը կուռ կառույց է, որտեղ յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում։

«Հիմա բանակում գնում են բավականին լուրջ թարմացումներ․ փոխվեց պաշտպանության նախարարը, փոխվեցին այլ պաշտոնյաներ։ Այդ կառույցը կերպարանափոխվում է՝ ելնելով հենց այդ հետևություններից։ Հիմա պարտադիր չէ, որ նոր եկածները փորձեն ամբողջ մեղքը բարդել հների վրա, նրանք էլ փորձեն բարդել իրենցից առաջ եղածների վրա։ Հետևություն արվել է, պաշտոնանկություններ եղել են, հասարակությունը պետք է այդքանով բավարարվի»,- նշեց նա։

Հարցին՝ 100 զոհ ունեցանք ապրիլյան պատերազմի ժամանակ՝ նաև մեր պաշտոնյաների ունեցած թերացումների համար, որևէ պաշտոնյա չպե՞տք է քրեական պատասխանատվության ենթարկվեր, նա այսպես պատասխանեց. «Ցավոք, աշխարհն այնպես է կառուցված, որ թերացումները բացահայտվում են պատերազմների ժամանակ, որոնց ընթացքում մենք զոհեր ենք տալիս։ Դա միայն մեզ չի վերաբերում։ Օրինակ՝ գերտերություններն աշխատում են այդ պատերազմն անել ուրիշի, ոչ թե սեփական հողում։ Մեզ նման պետություններն իրենց մաշկի վրա պետք է տանեն պատերազմական գործողությունները…»։

Լրագրողներն ընդհատեցին՝ նշելով, որ մենք գիտեինք, որ պատերազմական երկիր ենք և իրավունք չունեինք մեր առաջնային օղակներն ուղղակի թողնել այնպես, ինչպես թողեցինք ապրիլին, և արդյո՞ք չպետք է պատասխանատվության ենթարկվեին այն անձինք, ովքեր պատասխանատու էինք այդ հարցերի համար։

Իսագուլյանը, սակայն, նորից բերեց գերտերությունների օրինակը, նշեց, որ նրանք ուրիշի հողում զոհեր են տալիս, որպեսզի բացահայտումներ անեն, և, ըստ էության, չպատասխանեց լրագրողների կոնկրետ հարցադրմանը։

«Հայ-ադրբեջանական բախման ժամանակ երբևէ ԱԹՍ-ներ չէին օգտագործվել, ապրիլյան պատերազմի ժամանակ օգտագործվեց, դրանց հնարավորությունները, օգտագործման ձևերն իմացանք, և հիմա Հայաստանն այդ ուղղությամբ մեծ աշխատանք է անում»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս