
WP-ի նախկին թղթակիցն իր գրքում պատմել է Սպիտակ տան բացատի տակ գտնվող գաղտնի բունկերի մասին

Սպիտակ տան հյուսիսային բացատի տակ կառուցած է գաղտնի բունկեր ԱՄՆ-ի նախագահի եւ նրա օգնականների համար, որտեղ նրանք կարող են պատսպարվել միջուկային պատերազմի դեպքում: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է The Washington Post թերթի նախկին թղթակից Ռոնալդ Քեսլերի «Թրամփի Սպիտակ տունը. փոխելով խաղի կանոնները»(The Trump White House: Changing the Rules of the Game) գրքում, որը լույս է տեսնում ապրիլի 3-ին:
Ապրիլի 2-ին դրանից առաձին քաղվածքներ է հրապարակել Washington Examiner թերթը։ «Ստորգետնյա բունկերի շինարարությունը, որն ունի առնվազն հինգ հարկ, ավարտվել է Բարաք Օբամայի նախագահական ժամկետի ավարտից քիչ առաջ: Այնտեղ կարող են տեղավորվել Սպիտակ տան Արեւմտյան թեւի բոլոր աշխատակիցները զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ հարձակման դեպքում: Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը դարձավ նախագահ, նրա առաջատար օգնականներն այցելել են բունկեր, որի գոյությունը գաղտնիացվածէ»,- գրել է Քեսլերը:
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքներն սկսվել են 2010 թվականին, եւ Սպիտակ տան ներկայացուցիչներն այն ժամանակ պնդում էին, թե կատարվում է ստորգետնյա հաղորդակցուղիների համակարգերի պլանային փոխարինում: Բայց, ինչպես նշում է Քեսլերը, լրագրողները վաղուց էին կասկածում, որ 376 միլիոն դոլար արժողությամբ նախագիծն իրականում բունկեր է:
Թրամփը նախագահի պաշտոնում Օբամային փոխարինեց 2017 թվականի հունվարի 20-ին: Անմիջականորեն Սպիտակ տան Արեւելյան թեւի տակ է գտնվում եւս մեկ ստորգետնյա բունկեր, որը կոչված է պետության ղեկավարին պաշտպանելու միջուկային հարվածից, Արտակարգ գործողությունների նախագահական կենտրոնը: