Հինգ եղբայր՝ հինգն էլ հայրենիքի պաշտպան
Հիրավի, մեր օրերում քիչ են այն ընտանիքները, որոնց բոլոր զավակները ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում: Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչներ Արտյուշա եւ Մելանյա Ավագիմյանները եզակի ծնողներից են, որոնց հինգ որդիները ծառայում են հայոց բանակում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: «Բավական չէ միայն իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել», – նժդեհյան այս խոսքերը կարծես հենց նրանց համար է ասված:
Որդիներից ավագը` Անդրանիկը, փոխգնդապետի կոչումով ծառայում է Մարտակերտի N միավորումում, իսկ Արթուրը` կրկին փոխգնդապետի կոչումով, ծառայում է Մարտակերտի N զորամասում: Մյուս որդիները` Արայիկը, Արկադյան եւ Ալեքսանդրը ծառայում են ՊԲ տարբեր զորամասերում:
Ապրիլյան դիմակայության ժամանակ նրանք` 5 եղբայրներով, եղել են առաջնագծում, իսկ Անդրանիկ ու Արայիկ եղբայրները մասնակցել են նաև Արցախյան պատերազմին, ասել է թե` հասցրել են վառոդի հոտը զգալ դեռևս այդ տարիներից: Նրանք իրենց հոր` արցախյան գոյապայքարի մասնակից Արտյուշա Ավագիմյանի արժանի զավակներն են, ով 1992-ից գյուղի տղաների հետ մասնակցել է մի շարք մարտերի և 2 անգամ վիրավորվել. առաջին անգամ ոտքից` ստանալով հրազենային վիրավորում, իսկ մյուս վիրավորումը` նռնականետից:
Ընտանիքի հայրն անմասն չէր մնացել նաև ապրիլյան իրադարձություններից, նա, չնայած պատկառելի տարիքին, չէր ցանկանում ետ մնալ որդիներից. ազատամարտիկ հայրն այդ օրերին իր համար անելիք էր գտել: Նրան կրկին հայրենիքն էր կանչում: Արտյուշա Ավագիմյանը ցավով է նշում, որ 2016-ի ապրիլին չկարողացավ մասնակցել մարտական գործողություններին, բայց կարողացել է օգտակար լինել ինժեներական աշխատանքներում` 2-րդ գծում:
Որդիները ծնողներից սովորել են, որ հայրենասիրությունն ամենաառաջնայինն է: Մեր զրույցի ժամանակ որդիներից Արթուր Ավագիմյանը, ով ծառայում է Մարտակերտի զորամասում, հպարտությամբ էր խոսում հոր անցած ուղուց.«Փորձել եմ նմանվել հորս: Նա, լինելով գյուղի կամավորական ջոկատում, 1992 թվականից մասնակցել է Արցախյան գոյամարտին, եւ իմ հոգում բուն է դրել մի սկզբունք, որ պետք է շարունակեմ հորս սկսած գործը»:
Մարտակերտում ծառայող Ավագիմյանների ավագ եղբայրը` Անդրանիկը, կրկին խոսեց հոր հայրենասիրությունից եւ իրենց դաստիարակությունից, որով եւ առաջնորդվել են իրենք, եւ դեռ շարունակում են առաջնորդվել: Արայիկ Ավագիմյանն առանձնակի ակնածանքով է խոսում հոր մասին: Նա ասաց, որ Արցախյան պատերազմի ժամանակ տեսել են ազատամարտիկ հորն ու իրենց մեջ սերմանվել է այն, որ պետք է հայրենիքի համար անել ամեն ինչ, որպեսզի իրենց երեխաներն ապրեն ու մեծանան խաղաղ պայմաններում: Իսկ փոքր եղբայրը` Ալեքսանդրը, ով ծառայում է Մարտունու զորամասերից մեկում, առաջնորդվում է ազատամարտիկ հոր, զինվորական եղբայրների պատգամներով: Եվ պատահական չէ, որ 5 եղբայրներն էլ նախընտրել են զինվորական լինել, քանզի նրանք սուրբ գործ են կատարում` հայրենիք են պաշտպանում, իսկ օրհասական պահերին, նետվում են առաջնագիծ` պաշտպանելու իրենց փայփայած եւ այդքան թանկ հայրենիքն ու նրա սահմանները:
Ինչպես տղաներն են ասում` հինգ եղբայրներով ծառայելը հպարտություն է: Փոքր եղբայրը` Ալեքսանդրը, հպարտ է, որ նման եղբայրներ ունի, եւ որ զինվորական են, ու իրենց ասում են` Ավագիմյան եղբայրներ: Ալեքսանդրը նույնպես լավ զինվորական է, իր գործի գիտակը, հրետանավոր է, եւ քաջ գիտակցում է, որ հայրենիքը պետք է պաշտպանել` ինչ գնով էլ լինի:
Ավագիմյան եղբայրները նվիրված են իրենց ծառայությանը, հայրենասեր են, ազնիվ ու պարկեշտ, բարեխիղճ, ունեն բարձր պատասխանատվություն:
Ավագիմյան եղբայրներն ուրախանում են մեկը մյուսի ծառայողական հաջողություններով: Փոխգնդապետ Արթուր Ավագիմյանի խոսքով` հոր դաստիարակության շնորհիվ են հասկացել, թե ինչ է եղբայրությունը. «Հայրս միշտ ասել է, որ լինենք միասին, լինենք ամուր: Հիշում եմ՝ փոքր ժամանակ նա ցախավելի պատմությունն էր պատմում եղբայրներիս, որ ցախավելի մի փայտն ավելի շուտ է ջարդվում, քան խուրձով ցախավելը… Եվ մինչ օրս առաջնորդվում ենք այդ կարգախոսով` եղբայրության մեջ մեկս մյուսին հարգելով, մեկս մյուսից խորհուրդներ հարցնելով, մշտապես համագործակցելով մեկս մյուսի հետ` զանգահարելով, հավաքվելով, խորհրդակցելով կառուցում ենք մեր կյանքը: Իհարկե, մեծ եղբորս ավելի շատ ենք դիմում, քանզի ինքն ավելի կիրթ է, ավելի գրագետ, սակայն բոլորս էլ միասնական ենք, մեկ բռունցք»: Արթուր Ավագիմյանը նվիրված զինծառայող է:
Մայրը` Մելանյա Ավագիմյանը, հպարտ է իր զինվորական որդիներով: Նման որդիներով կհպարտանա ցանկացած մայր, սակայն տիկին Մելանյան հպարտության հետ մեկտեղ, համոզված է, որ որդիները բարեխղճորեն են կատարում իրենց պարտականություններն առ հայրենիք: Նա հենց ինքն է հորդորում որդիներին, որ հայրենիքը թանկ է և պետք է այն պաշտպանել: Տիկին Մելանյա Ավագիմյանը հպարտ է նաև իր թոռներով, նա ունի 17 թոռ, ավագ թոռը` Մհերը, այս տարի ամռանը կզորակոչվի բանակ, իսկ տատիկը վստահ է, որ նա կլինի լավագույն զինվորներից մեկը և բարձր կպահի հոր, հորեղբայրների ու բոլորի պատիվը: Իսկ թոռներից Գոռը` Արթուր Ավագիմյանի որդին, ով բնակվում է Մարտակերտում, տաղանդավոր պատանի է: Նա ակտիվորեն մասնակցում է քաղաքում կազմակերպվող մշակութային և կրթական միջոցառումներին, վարում է նաև մշակույթի տան կազմակերպած միջոցառումները: Նա ևս հայրենիքի վաղվա պաշտպանն է լինելու, որով հպարտանալու են նրա ծնողները, հորեղբայրները և պապիկն ու տատիկը:
Նրանք այն զինվորականներից են, որոնք անձնվիրաբար են ծառայում մեր բանակում, իսկ նրանք համեստորեն են կատարում ամենանվիրական ու սուրբ գործը:
Ավագիմյան եղբայրներին բարի ծառայություն ենք մաղթում, և ասում, որ խաղաղ լինի ձեր ամեն մի մայրամուտը եւ լուսաբացը, քանզի դուք և ձեր նմանները թանկ են ազգի և բանակի համար:
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր