Բաժիններ՝

Այսուհետ Գերմանիայի դեսպանատնից շենգենյան վիզայի դիմումները կընդունի ռուս-թուրքական ծագում ունեցող ունեցող «ՎիզաՄետրիկ» ընկերությունը

Ապրիլի 3-ից Երևանում շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Նշված վիզաների համար ընդհանուր առմամբ այլևս հայտերը չեն կարող ներկայացվել Գերմանիայի դեսպանություն։

Այս մասին այսօր մանրամասն տեղեկատվությամբ մամուլի ասուլիս էին հրավիրել Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը, ինչպես նաև Մոսկվայի Visa Management Service (VMS) ընկերության խմբային ղեկավար Էլվիրա Բազիրովան:

Խոսելով շենգենյան վիզաների համար դիմումների նոր ընթացակարգի, ինչպես նաև վիզաների գործընթացի մանրամասների ու առանձնահատկությունների մասին, ասուլիսի բանախոս, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը նշում է՝ շենգենյան վիզայի համար դիմումների հանձնումն առանձին սպասարկող ընկերությանը փոխանցելու որոշումը իրականացվում է դիմումատուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նկատառումներից ելնելով:

Ըստ վերջինիս փոխանցած տեղեկության՝  նման վիզային կենտրոնները նորություն չեն և աշխատում են շատ այլ երկրներում: Հայաստանում նման կենտրոնների ծառայություններից արդեն իսկ օգտվում են Հունաստանը, Իտալիան և Լիտվան.

«Պետք է ընդգծեմ, որ վերջերս նկատելիորեն աճել է մուտքի վիզա ստանալու ցանկություն հայտնող դիմումների թիվը: Միայն 2017 թվականի ընթացքում Գերմանիայի դեսպանատունը ստացել 15.200 հայտ, ինչի արդյունքում մարդիկ ստիպված են լինում սպասել մինչև 6 ամիս: Նոր համակարգին անցնելով՝ դիմումատուն կարող է դիմումը ներկայացնել «ՎիզաՄետրիկ» ընկերությանն ընդամենը  48 ժամվա ընթացքում: Պետք է հստակեցնել սակայն, որ այս փոփոխությունները կապված չեն ազգային վիզաների ընդունման և այլ տեսակի հյուպատոսական հարցերի հետ:

«ՎիզաՄետրիկ» ընկերությունում դիմումատուները կարող են ավելի բարձր որակի ծառայություններ ստանալ, ինչպես պատճենահանման, լուսանկարների պատրաստման, այնպես նաև՝ թարգմանությունների հետ կապված հարցերում»:

Ասուլիսի մասնակից, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նկատում է՝ Հայաստանում վիզաների տրամադրման գործընթացի համար մրցույթին մասնակցել են մի շարք ընկերություններ, որոնցից իրենց ընտրությունը կանգնել է «VisaMetric» ընկերության վրա, որը սպասարկելու է նաև Միջին Ասիայի և Հարավային Կովկասի 21 կենտրոններում:

Ասուլիսի բանախոս, Հայաստանում «ՎիզաՄետրիկ» ընկերության ծրագրերի համակարգող Էլվիրա Բազիրովան ներկայացնելով իրենց կողմից մատուցվող ծառայությունների կարգը՝ նշում է՝ արդեն իսկ գործում է «Call Center»-ը, որտեղից հնարավոր է ստանալ հետաքրքրող տեղեկատվությունը, միաժամանակ կարելի է առցանց հետևել անձնագրի շարժին, մանրամասն ծանոթանալ մատուցվող ծառայությունների մասին:

Անդրադառնալով հարցին, թե մրցույթում հաղթած «ՎիզաՄետրիկ» ընկերությունն ունենալով թուրքական ծագում, արդյո՞ք վտանգի տակ չի դնի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների ապահովության հարցը, Մաթիաս Քիսլերը պատասխանում է. «Այո, «ՎիզաՄետրիկ» ընկերության հոլդինգ կենտրոնը գտնվում է Թուրքիայում, և որպես նման ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ ունի երկամյա աշխատանքային հաջողված փորձ: Մեր ընտրությունը կանգ է առել միայն օբյեկտիվության սկզբունքներից ելնելով, այլ ոչ՝ ընկերության ծագման երկրով պայմանավորված։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների ապահովության հետ առնչվող մտահոգությանը, ապա պետք է տեղեկացնեմ, որ անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար բարձր արժեք է, և մենք կարող ենք երաշխավորել, որ որևէ անձնական տվյալ արտաքին օգտագործողներին չի կարող տրամադրվել»:

Տեղեկացնենք, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը կշարունակի վիզաների դիմումներ ստանալ, սակայն խիստ սահմանափակ ծավալով: Յուրաքանչյուր դիմումի գրանցման համար «ՎիզաՄետրիկ» ընկերությունը դիմումատուից կգանձի 20 եվրոյին համարժեք դրամ: «ՎիզաՄետրիկ» ընկերությունը մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո ՀՀ ԱԳՆ-ի հետ երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել։ «ՎիզաՄետրիկ» ընկերության հայաստանյան գրասենյակը ղեկավարվելու է հայ ներկայացուցչի կողմից, գրասենյակում աշխատելու են բացառապես ՀՀ քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս