Հայաստանցի ՌԴ քաղաքացիները

Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից: Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում:

Հիմնական պատճառն արտագաղթն է: Սուսուփուս ընթացող արտագաղթը միայն ժողովրդագրական բացասական հետևանքներ չէ, որ արձանագրում է: Պարզվում է՝ պաշտոնապես մի կողմից՝ արձանագրվում է բնակչության քանակի նվազում, իսկ մյուս կողմից՝ ավելանում է այլ պետությունների քաղաքացիություն ստացող ՀՀ քաղաքացիների թիվը: Նախ դիտարկենք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների վիճակագրությունը:

2012թ.-ից մինչև 2017թ. ներառյալ՝ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել 16 հազար 429 հայաստանցի: Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիության շնորհումն ու զրկումը բացառապես ՀՀ նախագահի լիազորությունն է: ՀՀ նախագահը «հարգել» է, այսինքն՝ քաղաքացիությունից զրկել է 14 հազար 577 դիմումատուի: Քաղաքացիությունից զրկելու վիճակագրությունը մի տարօրինակ ու, հնարավոր է՝ անբացատրելի փաստ է արձանագրում 2014թ. սկսյալ:

Տեսեք` 2012-ին քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է տվել 968 քաղաքացի: Նախագահը «բավարարել» է դիմումների 58 տոկոսը (քաղաքացիությունից զրկվել է 559 մարդ): 2013-ին այս ցուցանիշը 76 տոկոս էր: Իսկ 2014-ից սկսյալ ՀՀ նախագահի կողմից «հարգվել» է դիմումների առնվազն 90 տոկոսը: Այս տեսակետից եզակի է 2015թ.-ն: Այդ տարի 2487 դիմումից «բավարարել» է 2470-ը (99 տոկոս): Դժվար է բացատրել այս գործընթացը:

Պարզապես կարելի է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ ամեն տարի աճում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների քանակը: (2012-ի 968-ի դիմաց՝ 2017-ին` 5250): Քաղաքացիությունից հրաժարումին զուգահեռ՝ ընթանում է նաև երկքաղաքացություն ունեցողների թվաքանակի ավելացում:

Այսօր դժվար է հստակ արձանագրել իրական պատկերը: Փոխարենը՝ կարելի է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայք-էջից ճշտել, թե քանի ՀՀ քաղաքացու է շնորհվել ՌԴ քաղաքացու անձնագիր: Հեռավոր 2008թ. ռուս-վրացական «հնգօրյա պատերազմից» հետո Ռուսաստանը բոլորին բացատրում էր, որ Հարավային Օսիայում իր ռազմուժի ներկայությունը նպատակ ունի պաշտպանելու իր երկրի քաղաքացիներին:

Մինչ պատերազմը Ռուսաստանը քաղաքացիություն էր «բաժանել» բոլոր դիմողներին: Իսկ 2016թ. ՌԴ «Քաղաքացիության մասին» նոր օրենքը հեշտացրեց Ռուսական կայսրությունում և ԽՍՀՄ-ում ապրածների կամ նրանց ժառանգների քաղաքացիություն ստանալու գործընթացը: Այդ պահին դեռ դժվար էր պատկերացնել, թե մեր ռազմավարական գործընկերոջ նոր քաղաքականությունն ինչ ժողովրդագրական բացասական հետևանքներ կունենա մեր երկրի համար:

Մարտի 18-ին ՌԴ դեսպանատան ու հյուպատոսարանի առջև գոյացած հերթերն անսպասելի տեսարան էին շատերի համար: Երևի կարելի է միանշանակ պնդել, որ այդ տեսարանն իրոք անսպասելի էր հայաստանյան բազմաթիվ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի համար: Հավանաբար ոչ ոք իրական պատկերացում չուներ, թե իրականում որքան ՌԴ քաղաքացի է ապրում Հայաստանում: Բացառությամբ, իհարկե, իշխանությունների:

Նրանք երևի թե գիտեին: Գիտեին, դրա համար էլ հայտնվեց պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ԱՊՀ որևէ երկրում թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները կզրկվեն հայաստանյան թոշակից: Բոլորի համար էլ պարզ է, որ «ԱՊՀ որևէ երկիր» ասածն իրականում հենց Ռուսաստանն է: Պաշտոնական տվյալներով՝ ՌԴ միջին թոշակը համարյա երեք անգամ գերազանցում է հայաստանյան թոշակի ցուցանիշին:

Շատերը հենց այս փաստով են բացատրում հայաստանցիների տոտալ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելը: ՌԴ ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ 2016թ. այդ երկրի քաղաքացիություն է ստացել 22 հազար 264 հայաստանցի: 2017թ. քաղաքացիություն ստացածների թիվը հասել է 25 հազար 144 մարդու:

Ընդունեք, որ սա լուրջ վերլուծության թեմա է: Երկքաղաքացիության ու քաղաքացիությունից հրաժարվելու երևույթների մասին մենք միայն մեկ բան գիտենք, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը հիմնականում բացատրվում է զինվորական ծառայությունից խուսափելու ձգտումով: Բայց մյուս բացասական երևույթները` ժողովրդագրականից մինչև աշխարհաքաղաքական գործընթացներ, վերլուծված չեն: Այնինչ, օրինակ, քաղաքացիությունից հրաժարվողների քանակի կտրուկ աճը որոշ փորձագետներ բացատրում են այն փաստով, որ ՌԴ «Քաղաքացիության մասին» նոր օրենքը հետաքրքիր մի «հնարավորություն» է առաջարկում:

Նրանք, ովքեր հավակնում են պարզեցված կարգով և երեք ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստանալ, պարտավոր են հրաժարվել իրենց նախկին քաղաքացիությունից: Աշխարհաքաղաքական սեփական «հաջողություններից» ոգևորված ռուսական քաղաքական ուժերը խոսում են քաղաքացիության մասին օրենքի նոր կատարելագործումից: Իսկ թե դա ինչ հետևանքներ կունենա մեր երկրի համար, հայաստանյան ոչ մի քաղաքական ուժ չի վերլուծում:

Տեսանյութեր

Լրահոս