«Երբևէ որևէ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում ՀՀ-ում չի իրականացվել». Արդարադատության նախարար
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարով ազատությունից զրկելու վճռին:
Հարցին, թե ինչքանո՞վ էր այդ որոշումն իրավաչափ՝ հաշվի առնելով, որ Ժ. Սէֆիլյանը դեռևս ոչ մի գործողություն չէր իրականացրել, ընդամենը նախապատրաստվելու մասին էր խոսք գնում, Դ. Հարությունյանը պատասխանեց, որ ինքը՝ որպես Արդարադատության նախարար, չի կարող գնահատական տալ որևէ դատական ակտի վերաբերյալ.
«Այսօր ես չեմ խախտի այդ ավանդույթը, անթույլատրելի եմ համարում Արդարադատության նախարարի կողմից դատական ակտերի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելը»:
Լրագրողներից մեկի հարցին էլ, թե՝ կա՞ ՀՀ-ում որևէ մեկը, որի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել, Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ երբևէ որևէ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում ՀՀ-ում չի իրականացվել»: