Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել
Կոսովոյի խորհրդարանում ընդդիմությունից պատգամավորները մարտի 21-ին արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի ձախողեն Չեռնոգորիայի հետ պետական սահմանի ճանաչման մասին 2015 թվականի համաձայնագրի հաստատումը: Այդ մասին հայտնել է Կոսովոյի ռադիոն եւ հեռուստատեսությունը: Փետրվարին Կոսովոյի օրենսդիր ժողովը հերթական անգամ չկարողացավ 120 ձայներից անհրաժեշտ 80-ը հավաքել փաստաթղթի հաստատման համար: Չեռնոգորիայի հետ սահմանագծման հարցին նվիրված նիստը հետաձգվեց:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի վերջին կոչ է արել Կոսովոյի խորհրդարանին՝ վավերացնել Չեռնոգորիայի հետ պետական սահմանի մասին համաձայնագիրը, ինչը Բրյուսելը պարտադիր պայման է համարում կոսովցիների համար այցագրային ռեժիմի ազատականացման համար:
«Կոսովոյի խորհրդարանի նիստի սկսվելուց մի քանի ակնթարթ հետո, որտեղ պետք է ընդունվեր Չեռնոգորիայի հետ սահմանագծման համաձայնագրի վերաբերյալ օրինագիծը, արցունքաբեր գազ է կիրառվել: Պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից, սպասվում է, որ աշխատանքը կշարունակվի այն բանից հետո, երբ գազը կցնդի»,-հայտնել է հեռուստաալիքը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գազը կիրառել են «Ինքնորոշում» արմատական ընդդիմադիր շարժման պատգամավորները: Միջադեպին արձագանքել է Պրիշտինայում ԱՄՆ-ի ազդեցիկ դեսպան Գրեգ Դելավին, որն ավելի վաղ քանիցս հորդորել է կոսովցի խորհրդարանականներին՝ հաստատել սահմանագծումը Պոդգորիցայի հետ: Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ «բռնությունը՝ որպես քաղաքական միջոց, տեղ չունի Կոսովոյում»:
Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը եւ Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին փետրվարի 16-ին համատեղ հայտարարություն են ստորագրել, որով կոչ է արվում Կոսովոյի խորհրդարանին՝ վավերացնել պետական սահմանի մասին համաձայնագիրը:
Փաստաթուղթը ենթադրում է, որ վավերացումից հետո կկազմվի սահմանագծման համատեղ աշխատանքային խումբ: Այդպիսով՝ Չեռնոգորիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել՝ վերանայել ու ճշգրտել պետական սահմանի գիծը, թեեւ ավելի վաղ թույլ չէն տալիս դրա հնարավորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: