Հայաստանը հունիսին կհյուրընկալի ԵԱՏՄ գործարար համաժողով
Ծաղկաձորում հունիսի 1-4-ը կկայանա «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան` համագործակցություն» խորագրով գործարար համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի կայքից, համաժողովն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ կառավարության համակարգմամբ` ԵԱՏՄ երկրների կառավարությունների աջակցությամբ: Համաժողովի քննարկման հիմնական թեման լինելու է ԵԱՏՄ երկրների անցումն արտաքին աշխարհի հետ փոխգործակցության նոր մակարդակի:
Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները կկարողանան հայթայթել նոր գործարար կապեր, երկրների կառավարությունների անդամների հետ քննարկել տնտեսական կարևորության հարցեր, այդ թվում` ԵԱՏՄ-ից արտահանման ծավալների ավելացման հնարավորությունների վերաբերյալ:
Միջոցառման կազմակերպիչները Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատներն են, Ղազախստանի արտահանման և ներդրումների ազգային գործակալություն «Kazakh Invest»-ը: Ակնկալվում է, որ գործարար համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև ընկերությունների ղեկավարներ: