Թել Ավիվը Սիրիայում միջուկային ռեակտորի ոչնչացումը ազդանշան է համարել Իրանի համար
Իսրայելի հետախուզական ծառայությունների գործերի նախարար Իսրայել Կացը մարտի 21-ին հայտարարել է, որ հրեական պետության կողմից 2007 թվականին սիրիական միջուկային ռեակտորի ոչնչացումը ազդանշան է Իրանի համար առ այն, որ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին՝ տիրանալ միջուկային զենքի։
«Սիրիայում 2007 թվականի գործողությունը եւ դրա հաջողությունը պարզորոշ հասկանալ տվեցին, որ Իսրայելը երբեք թույլ չի տա, որ միջուկային զենք հայտնվի նրանց ձեռքում, ովքեր սպառնում են իր գոյությանը, այն ժամանակ՝ Սիրիայի, իսկ այսօր՝ Իրանի»,-նախարարի հայտարարությունը մեջբերել է Reuters գործակալությունը:
Իսրայելի բանակը մարտի 21-ին պաշտոնապես խոստովանել է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել է Սիրիայի հյուսիս – արեւելքի Դեյր Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում էր:
«Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի բանակն աշխարհին տեղեկատվություն է հայտնում հանգուցային գործողության մասին, որը ապաէսկալացման հանգեցրեց տարածաշրջանում»,- ասված է բանակի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
«2007 թվականի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրեցին Սիրիայի միջուկային ռեակտորը,- ասված է մամուլի տեղեկագրում:- Այն պետք է արդեն պատրաստ լիներ, այնպես որ գործողությունը թույլ տվեց վերացնել Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի գոյության սպառնալիքը»: «Մրգատու այգի» կոդային անվանումով գործողությանը մասնակցել են F-15 եւ F-16 կործանիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: