Հարավային Կորեան և ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները: Այդ մասին մարտի 21-ին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
«Երկօրյա զորավարժությունների նպատակը, որոնք կմեկնարկեն մայիսի 11-ին, դաշնակիցների մարտական հմտությունների կատարելագործումն է»,-ասված է հակիրճ հաղորդագրության մեջ: Max Thunder վարժանքները, սկսած 2009 թվականից, տարեկան երկու անգամ անցկացվում են ռազմաօդային ուժերի գործողությունների հարավկորեական հրամանատարության եւ ԱՄՆ-ի յոթերորդ օդային բանակի հրամանատարության կողմից: Այս անգամ դրանց կմասնակցեն շուրջ 100 ինքնաթիռներ, այդ թվում՝ հարավկորեական F-15K-եր եւ ամերիկյան F-16-եր:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները, որոնք կասեցվել էին Փհենչհանում Օլիմպիական խաղերի ընթացքում: Ծրագրվում է, որ Foal Eagle վարժանքներին կմասնակցեն ԱՄՆ-ի 11,5 հազար զինծառայողներ եւ մինչեւ 290 հազար հարավկորեացի զինվորականներ:
«Մեր համատեղ գործողությունները միտված են պաշտպանությանը, Հյուսիսային Կորեան չպետք էդրանք որպես սադրանք դիտի»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ծովային հետեւակի գնդապետ Քրիստոֆեր Լոգանը: Մինչդեռ ԿԺԴՀ-ն հայտարարում է, որ ամերիկա-հարավկորեական շարունակական զորավարժությունները սադրիչ բնույթ են կրում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը՝ REUTERS-ի