Գևորգ Կոստանյանը պարզաբանում է, թե ինչի՞ն է վերաբերվել Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ ներկայացված «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը
«Աբսուրդ կլինի կարծել, որ ես կարող եմ մի փաստաթղթի տակ ստորագրել, հետո ասել՝ տենց բան չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանին, ասել էր. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարկություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ»:
Գ. Կոստանյանը պարզաբանեց, որ «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը վերաբերել է Ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, և ոչ թե՝ մահվան դեպքերին. «ՄԻԵԴ-ը հարց է տվել՝ արդյոք Ոստիկանության կողմից կիրառված ուժը եղե՞լ է «բացարձակ անհրաժեշտ», և արդյոք խախտվե՞լ են երկրորդ հոդվածով սահմանված իրավունքները, թե՞ ոչ: Կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որ պետության կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ, պետք է լինի համաչափ, իրավաչափ և բացարձակ անհրաժեշտ: «Բացարձակ անհրաժեշտը» վերաբերում է նրան, թե արդյոք ոստիկանն ուրիշ ելք չի՞ ունեցել և դրա համա՞ր է ուժ կիրառել»:
Նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ Մարտի 1-ին Ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է «բացարձակ անհրաժեշտ». «Կառավարությունն իր հիմնավորման մեջ բացատրում է, որ Ոստիկանության կողմից կիրառված ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել, և դա չի առաջացրել երկրորդ հոդվածի խախտումներ»:
168.am-ի հարցին՝ այն, որ ասում եք՝ երկրորդ հոդվածը չի խախտվել, նկատի ունեք, որ ուժի կիրառումը եղել է բացարձակ անհրաժեշտ և այն մահվան պատճառ չի՞ հանդիսացել, Գ. Կոստանյանն այսպես պատասխանեց. «Ոստիկանական գործողությունների իրավաչափության մասին է խոսքը: Մահվան հանգամանքների հետ կապված՝ դա ընդհանրապես կապ չունի: Ինքս այդ նույն առարկությունների մեջ հատուկ մանրամասնում եմ, որ յուրաքանչյուր մահվան հետ կապված գործերը քննվում են, դեռ չգիտենք՝ ինչ է եղել: Ոստիկանության ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ, բայց մահվան հանգամանքների հետ կապված՝ դեռ չգիտենք»:
Մեր ճշտող հարցին՝ այդ երկրորդ հոդվածն ինչի՞ն էր վերաբերում, Գ. Կոստանյանն այսպես պատասխանեց. «Մենք խոսում ենք նրա մասին, որ ոստիկանական ուժի կիրառումը չի հանգեցնում դրան: Բայց դրանք առանձին 10 դրվագներ են, կարող է՝ մի առանձին ոստիկան անհամաչափ ուժ է գործադրել, կամ առանձին ոչ ոստիկան զենք է գործադրել: Մենք դա քննում ենք»:
Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից բարձրաձայնված այն հարցին, թե Նախաքննության մարմինը պետք է հրապարակի այն տեսագրությունները, որոնք փաստում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե ընդդիմադիրները մեքենաների հետևից դուրս են եկել և կրակել ոստիկանների ուղղությամբ, Գ. Կոստանյանը ևս մեկ անգամ ասաց, որ բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, գտնվել և գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ: