
Մաքքեյնը խստիվ քննադատել է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար

Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Hill-ին: Մաքքեյնի խոսքով՝ այդ հեռախոսազանգը «վիրավորել է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկվածէր ազատ կամաարտահայտման իրավունքից, ազատ ընտրությունից եւ իր երկրի ապագան որոշելու հնարավորությունից»:
«ԱՄՆ-ի նախագահը չի կարող լինել ազատ աշխարհի առաջնորդը, եթե նա դիկտատորներին շնորհավորում է կեղծ ընտրություններում հաղթելու առթիվ»,- հայտարարել է սենատորը: Մարտի 20-ին Թրամփի եւ Պուտինի միջեւ կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Թրամփը զրույցը որակել է «շատ լավ» եւ ակնարկել, որ մոտ ժամանակներս ինքը եւ Պուտինը կարող են անձնական հանդիպում ունենալ: