Բաժիններ՝

Էլիբեգովները նոր սկանդալի կիզակետում. Ծեծի է ենթարկվել «Օբյեկտիվի» նկարահանող խումբը

Թբիլիսի Հավլաբար թաղամասի Ցուցքիրիձե փողոցում ծեծի է ենթարկվել «Օբյեկտիվի» հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

Ընկերության լրատվական ծառայության ղեկավար Աննա Կիկնաձեն լրագրողներին պատմել է միջադեպի մանրամասները: Ըստ նրա՝ օպերատոր Դավիթ Մախարաձեն և լրագրող Նինո Լորճոշվիլին տեսանյութ էին պատրաստում նախագահական նստավայրի հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարության մասին:

Հարևանությամբ է գտնվում նաև King Edward  հյուրանոցը, որի սեփականատերը Գոգա Էլիբեգովն է: Հենց նրա կինն էլ ապօրինի կառուցվող շինության սեփականատերն է.

«Մեր լրագրողները մոտեցել են տեսախցիկն անջատված վիճակում,  որպեսզի պարզեն՝ ովքեր են բողոքում կառուցվող շինությունից, ձայնագրեն նրանց: Անվտանգության տեսախցիկների ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես են լրագրողն ու օպերատորը հյուրանոցի ֆոնի վրա մի երկու րոպե զրուցում Գոգա Էլիբեգովի հետ, այդ ժամանակ մոտենում է նրա որդին՝ Էդուար Էլիբեգովը, «գողականին» հատուկ ժեստերով մոտենում օպերատորին, խփում նրա ուսին»,- պատմել է Կիկնաձեն:

Այս ամենից հետո փողոցում ծեծկռտուք է սկսվել: Ականատեսները Կիկնաձեին պատմել են, որ լրագրողին և օպերատորին մի քանի հոգով են ծեծի ենթարկել, օպերատորի աչքն է կապտած, մազերն են քաշել. «Կադրեր կան, որ երևում է՝ ինչպես են մազերը թափված տարբեր տեղերում, դրանք սարսափելի կադրեր են, իսկ լրագրողի գլուխն է վնասվել»:

Կիկնաձեն ասել է, որ ճանաչում է  Էլիբեգովին և որոշել է անձամբ դեպքի վայր գնալ: Ըստ նրա՝ անձնական զրույցի ժամանակ Էլիբեգովը հիշեցրել է իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ ինքը հայ է, իսկ հեռուստաընկերության աշխատակիցները սադրիչներ և ներխուժել են իր տարածք:
Կիկնաձեն վստահեցրել է, որ իրենց ծանոթության ողջ ընթացքում, թե ինքն անձամբ, թե իրենց ընկերությունը հարգանքով են վերաբերվել Էլիբեգովին:

Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ քրեական գործ է հարուցել՝ բռնություն հոդվածով, ձերբակալվածներ չկան:

Հիշեցնենք, որ հայր Էլիբեգովը տևական ժամանակ վրացական ԶԼՄ-ներով մեղադրում էր Վիրահայոց թեմի առաջնորդ  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին`  եկեղեցուն տրվող գումարները մսխելու և հակավրացական գործունեություն ծավալելու մեջ, իսկ 2014 թվականի փետրվարի 16-ին մոտ  երկու հարյուր հոգի  նրա տան մոտ էին հավաքվել, այդ ժամանակ նույնպես ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս