Բաժիններ՝

«Թայվանի քաղաքներից մեկի օրինակը կա, երբ քաղաքի կեղտոտ գետակը մաքրեցին, այն դարձրեցին շքեղ հանգստի գոտի»

Ի՞նչ վնասներ է հասցնում խմելու ջրին կոյուղաջրերի մաքրման կայանի բացակայությունը Գյումրիում, ինչո՞ւ Գյումրին չունի ընդհանուր ոռոգման համակարգ: Ինչպե՞ս կարող է Գյումրին ձերբազատվել աղտոտված գետակներից, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը վերածվի շքեղ զբոսաշրջային կենտրոնի:

Աշխարհագրագետ Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ նախկինում Գյումրիում տեխնիկական ոռոգման ջուր եղել է, սակայն այդ համակարգն ավերվել է:

«Ինչ վերաբերում է կոյուղաջրերի մաքրման կայանի բացակայությանը, ապա քաղաքի ամբողջ մակերեսային հոսքաջուրը՝ առանց մի գրամ մաքրվելու, լցվում է Ախուրյան գետը՝ Արփաչայը, որն էլ ջուրը տանում-լցնում է Ախուրյանի ջրամբարը: Այստեղից էլ Արագածոտնի և Արմավիրի մարզերը ջրում են իրենց հողերը, բերքը ստանում են և բերում, Գյումրու շուկայում վաճառում: Այդ ծավալի կոյուղաջուրը գնում է և չի մաքրվում, դրա մեջն ինչ ասես՝ կա:

Խորհրդային Միության տարիներին Գյումրու թիվ երկրորդ գերեզմանոցի մոտ մաքրման կայան կար՝ օրական 80.000 խմ ջուր մաքրելու հզորությամբ: Դրա միջոցով և՛ մեխանիկական մաքրում էր իրականացվում, և՛ մի փոքր կենսաբանական, հետո նոր ջուրը բաց էին թողնում Արփաչայ: Դա զգալի օգուտ էր մեզ համար: Այն երկրաշարժի ժամանակ ավերվեց, նորն էլ չկառուցեցին: Այժմ կոյուղաջրերի մաքրման նոր կայան կառուցելը մի քանի միլիոն դոլար գումար կարժենա, հատկապես, եթե այն նոր տեխնոլոգիաներով կառուցեն: Դա շատ կարևոր բան է, քանի որ գետը և ջրերը կմաքրվեն, ափսոս, որ չկա»,- ասում է Լ.Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Որքանո՞վ է վնասում Գյումրու պատմական շենք-շինություններին գրունտային ջրերի բարձր մակարդակը: Աշխարհագրագետը պարզաբանում է՝ գրունտային ջրերի բարձր մակարդակն ավելացնում է սեյսմիկ վտանգը: Այն երկրաշարժավտանգ շենքերի սեյսմիկ բալն ավելացնում է ևս երկուսով: Այսինքն, եթե մեզ մոտ երկրաշարժավտանգությունը կազմում է 7 բալ, գրունտային ջրերի 50 սմ բարձրանալու դեպքում՝ այն կկազմի 9 բալ:

Լ.Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ նաև Գյումրու գետակների մաքրման անհրաժեշտությանը: Նա նշեց, որ Գյումրու Վարդանանց հրապարակի մեջտեղով՝ Վարդան Մամիկոնյանի արձանի տակով, գետակ է անցնում, որը Սուրբ Նշան եկեղեցու մոտ երևում է, սակայն որևէ վնաս չի կարող հասցնել Գյումրու քաղաքապետարանի շենքին: Միակ վտանգն այն է, որ այն ահավոր կեղտոտ է, չօգտագործվող, և, եթե այդ գետակը մաքուր պահվի, ապա Ձորի թաղում շատ գեղեցիկ միջավայր կստեղծվի:

«Թայվանի քաղաքներից մեկի օրինակը կա, երբ քաղաքի կեղտոտ գետակը մաքրեցին, այն դարձրեցին շքեղ հանգստի գոտի: Սովետական Միության ժամանակ այդ ծրագիրը կար. Ալեք Մանուկյան փողոցի՝ 50-ամյա կամրջի տակի սեփական տները պետք է դուրս բերվեին, և այնտեղ հանգստի գոտի պետք է լիներ. այստեղ ծառատունկ պետք է անեին, մինչև «Կումայրի» արգելոցի սահմանը, որտեղ 19-րդ դարի նշանավոր շինություններն են գտնվում:

Երբ դուք Չուլոչնու կողմից գնում եք Ալեք Մանուկյան փողոցով և բարձրանում կամրջի վրա՝ աջ կողմի հատվածը, այնտեղ ոչ մի արժեք չունեցող սեփական տներ են գտնվում, նաև բուն կամրջի տակ, մի քիչ ձախ կողմը՝ մինչև «Կումայրու» սահմանը: Այդ մարդկանց պետք է բնակարան հատկացվի, որպեսզի տներից դուրս գան: Միևնույն ժամանակ՝ պատկերացնում եք, թե ինչպիսի ծախս է դա: Նույնը՝ Չերքեզի ձորի պարագայում: Այն կարելի է հանգստի գոտի դարձնել:

Եթե այնպիսի կազմակերպություն լինի, որը կարողանա տեղի բնակիչներին բնակարանների փոխհատուցում տրամադրել կամ բնակարաններ, ապա ծրագիրը կարելի է կյանքի կոչել: Այնտեղ նաև գեղեցիկ սրճարաններ և ռեստորաններ կարելի է կառուցել»,- իր տեսակետն է ներկայացնում աշխարհագրագետը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս