Բաժիններ՝

Անգլիան կարող է չմասնակցել ԱԱ-18-ին. Պատմության մյուս բոյկոտները

Նախորդ շաբաթ ֆուտբոլային աշխարհն ակտիվորեն քննարկում էր այն, որ Անգլիան կարող է բոյկոտել Աշխարհի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանում: Բանն այն է, որ Անգլիայում քիմիական թունավորման պատճառով հիվանդանոց էին տեղափոխվել Սերգեյ Սկրիպալը և նրա աղջիկը: Սկրիպալին Ռուսաստանի իշխանությունները մեղադրում էին Անգլիայի համար լրտեսություն անելու մեջ: Ռուսաստանում ձերբակալվելուց հետո Սկրիպալը քաղաքական ապաստան էր ստացել Անգլիայում:

Անգլիայում տարբեր քաղաքական գործիչներ խոսել են ԱԱ-18-ը բոյկոտելու մասին: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշեց, որ թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան՝ որպես բոյկոտ:

Սա առաջին բոյկոտը չէ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ: 168.am-ն առաջարկում է ծանոթանալ պատմության մյուս բոյկոտներին:

Իտալիա, 1934

Բոյկոտող երկրներ՝ Ուրուգվայ, Պերու, Բոլիվիա, Չիլի, Պարագվայ

Ինչո՞ւ

1930 թվականին Ուրուգվայում անցկացվեց առաջին Աշխարհի առաջնությունը, որտեղ տանտերերը հաղթեցին: Հաջորդ մրցաշարի ժամանակ Ուրուգվայը բոյկոտեց Աշխարհի առաջնությունը, քանի որ 1930-ին մի շարք եվրոպական հավաքականներ հրաժարվել էին մեկնել Ուրոգվայ՝ պատճառաբանելով, որ Ուրուգվայ գնալը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ:

Ուրուգվայն այս կերպ կարողացավ վրեժ լուծել նաև Իտալիայից, ով ևս հրաժարվել էր մասնակցել առաջին Աշխարհի առաջնությանը: Ուրուգվային միացան նաև այլ հավաքականներ, այդ թվում՝ Պերուն, Բոլիվիան, Չիլին, Պարագվայը: 

Ֆրանսիա, 1938

Բոյկոտող երկրներ՝ Արգենտինա, Ուրուգվայ

Ինչո՞ւ

Ուրուգվայը հրաժարվեց մեկնել Ֆրանսիա նույն պատճառով. Ֆրանսիան ևս ժամանակին չի մեկնել Ուրուգվայ:

Արգենտինան մեկնեց Ֆրանսիա, քանի որ ցանկանում էր ինքն անցկացնել Աշխարհի առաջնությունը: 1936 թվականին ՖԻՖԱ-ն որոշել էր, որ Աշխարհի առաջնությունը մի տարի անցկացվելու էր Հարավային Ամերիկայում, մյուս տարի՝ Եվրոպայում: Սակայն, հիշելով Ուրուգվայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունը, ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը: 

Բրազիլիա, 1950

Բոյկոտ չկար, բայց 10 հավաքական չկարողացավ մասնակցել ԱԱ-ին:

Ինչո՞ւ

Այս առաջնության ժամանակ մի շարք երկրներ նոր էին վերականգնվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: ԽՍՀՄ-ն, Հունգարիան և Չեխոսլովակիան նոր էին վերականգնվում, Պորտուգալիան և Ֆրանսիան չէին ցանկանում գումար ծախսել, Պերուն և Էկվադորն ունեին կազմակերպչական խնդիրներ:

Արգենտինան հրաժարվեց մասնակցել առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով: Սակայն, ավելի ուշ պարզ դարձավ, որ արգենտինացիներին մասնակցել արգելել էր նախագահ Խուան Պերոնը, ով կարծում էր, որ իր երկրի հավաքականը շատ ուժեղ չէ:

ՖԻՖԱ-ն Հնդկաստանին արգելեց մասնակցել ԱԱ-ին, քանի որ նրանք ցանկանում էին խաղալ ոտաբոբիկ: Ավելի ուշ Los Angeles Times-ը գրեց, որ Հնդկաստանին մասնակցել արգելել են իշխանությունները՝ չհամարելով ԱԱ-ն լուրջ առաջնություն: 

Շվեդիա, 1958

Բոյկոտող երկրներ՝ Թուրքիա, Ինդոնեզիա, Եգիպտոս, Սուդան

Ինչո՞ւ

Այս երկրները բոյկոտեցին ԱԱ-58-ի նախընտրական փուլը: Շվեդիայում անցկացված Աշխարհի առաջնության նախընտրական փուլն ամենադժվարներից էր: Խնդիրը հիմնականում Իսրայելի հետ էր: Թուրքիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը, Սուդանը հրաժարվեցին խաղալ Իսրայելի հետ՝ քաղաքական պատճառներով: 

Անգլիա, 1966

Բոյկոտող երկրներ՝ բոլոր աֆրիկական երկրները, Հարավային Կորեան

Ինչո՞ւ

Սա միակ դեպքն է, երբ մրցաշարի անցկացումը բոյկոտել է մի ամբողջ աշխարհամաս: 1964 թվականին ՖԻՖԱ-ն որոշեց, որ ԱԱ-66-ին մասնակցելու են 9 երկիր Եվրոպայից, 4 երկիր Լատինական Ամերիկայից, 1-ը՝ Կենտրոնական Ամերիկայից և Կարիբյան կղիներից: Մնացած մեկ տեղը պետք է վիճարկեին Աֆրիկայի, Ասիայի և Օվկիանիայի ներկայացուցիչները:

Սա դուր չեկավ աֆրիկյան երկրների իշխանություններին, քանի որ նրանք կարծում էին, որ տեղերը ճիշտ չեն բաժանված: Հարավային Կորեան ևս միացավ բոյկոտին: 

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Արևմտյան Բեռլին, 1974

Բոյկոտող երկիր՝ ԽՍՀՄ

Ինչո՞ւ

ԽՍՀՄ-ի հավաքականը եզրափակիչ փուլի համար պետք է խաղար անցումային խաղ Չիլիի հետ: Առաջին խաղը Մոսկվայում ավարտվեց 0:0 հաշվով: Պատասխան խաղին ԽՍՀՄ-ի հավաքականը չմեկնեց: Բանը նրանում էր, որ խաղը պետք է անցկացվեր «Սանտյագո» մարզադաշտում, որտեղ մահապատժի էին ենթարկվում ձախակողմյան շարժման անդամները:

ԽՍՀՄ-ը դիմեց ՖԻՖԱ-ին՝ խնդրելով այլ մարզադաշտում անցկացնել խաղը; Սակայն, ՖԻՖԱ-ն կտրականապես մերժեց այս խնդիրը: 

Իսպանիա, 1982

Ցանկանում էին բոյկոտել՝ Անգլիան, Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան

Ինչո՞ւ

Աշխարհի առաջնությունից երեք ամիս առաջ շատ լարված էին Բրիտանիայի և Անգլիայի հարաբերությունները: Բրիտանիայի իշխանությունները նարավոր բախումներից խուսափելու համար հրաժարվեցին խաղալ Արգենտինայի հետ:

Արդյունքում, բրիտանական հավաքականները մեկնեցին Իսպանիա, սակայն չհանդիպեցին Արգենտինային: Ֆոլքլենդյան պատերազմն ավարտվեց հենց առաջնության մեկնարկի օրը՝ հունիսի 14-ին: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս