«Ցանկալի է հուսալ, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը հետզհետե կզրոյանա»

Հարցազրույց ՌԴ ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի հետ

– Պարոն Դվորնիկով, Ռուսաստանի նախագահական ընտրություններն ինչպե՞ս կազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– Ռուս-հայկական հարաբերություններն այս պահին դրանք ընթանում են թեքությամբ` դեպի ներքև, այսինքն` դանդաղ, բայց հաստատուն վատթարանում են: Խախտվում է փոխըմբռնումը, զգայուն հարցերի շուրջ կուտակվում են վիրավորանքներ, իսկ հայերի նոր սերունդն ընդհանրապես վատ է պատկերացնում, թե ինչ է Ռուսաստանը, և ինչ կարելի է նրանից սպասել: Եթե մեր ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունները, իսկ նրանց հետ միասին՝ փորձագետ-միջազգայնագետների հիմնական մասը, որ աշխատում են Անդրկովկասի ուղղությամբ և մեկնաբանում այդ տարածաշրջանում իրադարձությունները, չվերակառուցեն իրենց աշխատանքը, ապա մոտ 10 տարուց Հայաստանը դուրս կգա Մոսկվայի բնական դաշնակիցների ցանկից: Եվ, որ շատ կարևոր է, նման իրադրությունների դեպքում միշտ մեղավոր է նա, ով ավելի ուժեղ է:

– Կոնստանտին Կոսաչովը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո եզրակացություններ է արել և արդեն նույն ծավալներով զենք չի մատակարարի Ադրբեջանին: Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է շահավետ «բիզնեսից»:

– Այդ բիզնեսը շահավետ է միայն սահմանափակ շրջանակի անձանց համար, իսկ վնաս հասցվում է ամբողջ երկրի վարկին: Կոնստանտին Կոսաչովը փորձառու միջազգայնագետ է, Ռուսաստանում ամենալավերից մեկը: Նա չի կարող չհասկանալ, թե ինչ վայրի է ծանր սպառազինության վաճառքը երկարատև հակամարտության ագրեսիվ կողմին, որ նաև պատերազմում է Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ: Սակայն, անխոս, ինչպես յուրաքանչյուր դիվանագետ, նա սահմանափակված է իր խորիմաստ հայտարարությունների գործիքակազմում: Դժվար է մեկնաբանել իրավիճակ, որտեղ քո երկիրը ոչ ադեկվատ է: Ցանկալի է հուսալ, որ Ադրբեջանին զենքի վաճառքը հետզհետե կզրոյանա, իսկ այն, ինչ արդեն վաճառվել է, խստորեն կվերահսկվի՝ հնարավոր կիրառման տեսանկյունից:

– ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետ Անատոլի Սիդորովն օրեր առաջ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի: Իսկ հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվայում Արցախի ներկայացուցչություն չկա: Սա Մոսկվայի կողմից ցուցադրաբար հրաժարո՞ւմ է Արցախից:

– Ես այդպես կատեգորիկ և զգայական ձևով չէի խաղա բառերի հետ: Այդ թեման բազմակի քննարկվել է: Ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ի մասնակցությունն արցախաադրբեջանական հակամարտությունում: Կան հստակ միջազգային գործընթացներ, համաձայնագրեր, կան հստակ ձևակերպումներ, որոնցից միշտ խուսափելու են: Եվ եթե, այնուամենայնիվ, փորձ արվի որևէ չինովնիկի պարտադրել արտաբերել ցանկալի ձևակերպումը, ապա կարելի է ստանալ պատասխան, որը դուր չի գա:

Այդպես, օրինակ, եղավ ադրբեջանցի լրագրողի հետ, որը շատ էր ուզում Սերգեյ Լավրովից ստանալ դիրքորոշում Ղարաբաղի հարցում և ստացավ օրինաչափ ապտակ, որից հետագայում «ականջների վրա կանգնած» էր ամբողջ Ադրբեջանը: Ինչո՞ւ կրկնել բաքվեցի գործընկերոջ սխալը:

Իմ կողմից կարող եմ ասել, որ Ռուսաստանը ծայրաստիճան հետաքրքրված չէ շփման գծում զինված բախումների նոր բռնկումներով: Պարզ ասած` Մոսկվային միայն Ղարաբաղում հրդեհն է պակասում լիակատար միջազգային «երջանկության» համար: Այդ պատճառով հրաժարվել կամ մոռանալ Արցախի մասին Մոսկվան ուղղակի չի կարող:

– Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի հետ կապված: Բայց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանեց այդ նոտային` հիշեցնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

– Կա այդպիսի մասնագիտություն` բողոքի նոտաներ հղել Ադրբեջանի անունից: Հերթապահ իրավիճակ է, ադրբեջանական չինովնիկների համար աշխատանքային առօրյա: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի պատասխանին, ապա իրադրությունը նույնությամբ կրկնում է նախորդ հարցի թեման` չե՞ս ուզում ստանալ անցանկալի պատասխան, մի՛ սադրիր այն:

Տեսանյութեր

Լրահոս