Բաժիններ՝

ՏՏ հեռանկարները՝ Արցախում, հայկական gg-ն՝ Մոսկվայում. շաբաթը՝ հայկական ՏՏ-ում

168.am-ը շարունակում է ներկայացնել հայկական ՏՏ ոլորտի շաբաթվա կարևոր իրադարձությունները:

1. Ինչպե՞ս զարգացնել ՏՏ ոլորտը Արցախում

Շաբաթվա սկզբում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Ամալյա Եղոյանը նշել է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն՝ հզորացնել, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախում, Հայաստանի փորձը բերել Արցախ, կրթություն – բիզնես կապի շնորհիվ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորությունների ուղղորդմանը դեպի Արցախ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր արդեն կարող են փաստել, որ առաջին քայլերը շատ հաջող են: 

2. Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Թվային Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է 2018 թվականի գործողությունների ծրագիրը:

Զեկուցվել է, որ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգում կշարունակվեն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման միասնական պլատֆորմի, պետական կառավարման համակարգի միջև փոխգործելիության, վիճակագրական տվյալների էլեկտրոնային մուտքագրման, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի, էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգերի ներդրման աշխատանքները: Նախատեսվում են նաև կրթության ոլորտի տեսչական գործառույթների թվայնացման համակարգերի, միասնական բողոքարկման «Թեժ գիծ» հարթակի և էլեկտրոնային այլ համակարգերի իրականացում:

Այս տարվա ընթացքում նախատեսվում է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համակարգի համակցումը Trade.gov արտաքին առևտրի ազգային «Մեկ պատուհան» հարթակին, որը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով 10-ից ավելի թույլատրող փաստաթղթերի և դրանց 40 տարատեսակների տրամադրումը տնտեսվարողին իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում: Համակարգի պիլոտային գործարկումը նախատեսված է հուլիս ամսին, իսկ լիարժեք շահագորրծումը՝ սեպտեմբերին:

Ինչպես 168.am-ը ավելի վաղ պատմել էր, ՀՀ կառավարությունը 2017 թվականի օգոստոսի 3-ին որոշում էր կայացրել ստեղծել «Թվային Հայաստան» հիմնադրամ: Հիմնադրամը նպատակ ունի կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել միասնական թվայնացված միջավայր:

Հայաստանի թվայնացման գաղափարի տրամաբանությունը շատ պարզ է: Այն ենթադրում է պրոցեսների օպտիմիզացում, որն էլ ենթադրում է տնտեսության տրանֆորմացիա, որն էլ իր հերթին՝ բերում է տնտեսության զարգացմանը:

Թվայնացումից հետո ակնկալվում են օպտիմալ պրոցեսներ, ավելի բարձր արտադրողականություն, ավելի բարձր մրցունակություն, ավելի թափանցիկ հաշվետվողական և ավելի վստահելի հանրային կառավարում: Թվայնացումն իրենից ենթադրում է նաև՝ ավելի բաց լինել աշխարհի նկատմամբ և ավելի հեշտ մուտք գործել թվային աշխարհ: 

3. Հայաստանը՝ Sofacy-ի թիրախում

Ըստ «Կասպերսկի Լաբորատորիայի» հետազոտությունների՝ Հայաստանը Sofacy ռուսալեզու կիբեռխմբավորման կողմից գրոհի ենթարկվող երկրների է:

«Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Sofacy-ն կիրառում է թիրախային ֆիշինգ և «ջրատեղի գրոհներ» (հաճախ այցելվող կայքերի կանխամտածված վարակում) տեղեկատվություն, այդ թվում՝ հաշվեգրերի տվյալներ, գաղտնի նամակներ և փաստաթղթեր գողանալու համար։ Խմբավորումը նաև կասկածում են վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) նպատակային տարածման մեջ։

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Sofacy-ն այդ տարածաշրջաններում ակտիվ միակ լրտեսական կիբեռխմբավորումը չէ։ Արդյունքում՝ դիտարկվում են միևնույն թիրախների վրա տարբեր խմբերի գրոհների դեպքեր։ Փորձագետները հայտնաբերել են դեպքեր, Zebracy վնասաբեր ծրագրային ապահովումը (Sofacy-ի մշակումներից մեկը) գրոհի ենթարկվող համակարգչին հասանելիություն ստանալու համար պայքարում էր Turla-ի (ևս մեկ ռուսալեզու ցանցահենային խմբավորում) Mosquito բեկդորի հետ։ Մի քանի թիրախների դեպքում Sofacy-ին պատկանող SPLM վնասաբեր ծրագիրը մրցկակցել է չինարեն խոսող Danti ցանցահենների խմբավորման ԾԱ-ի հետ։ 

4. Հայկական gg-ն՝ Մոսկվայում

Հայկական GG ընկերությունն այսուհետ գործելու է նաև Մոսկվայում: Մարտի 14-ից Մոսկվայում գործում են ggTruck և ggEvacuator պրուդուկտները: ggTruck-ի մեքենաների միջոցով հնարավոր է տեղափոխել կահույք, տեխնիկա և ցանկացած այլ բան, որը չի տեղավորվի սովորական ավտոմեքենաներում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բեռնատար մեքենաները հարմար կլինեն թե՛ անհատների, և թե՛ ձեռնարկությունների համար:

Ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նշում է, որ ամեն ընկերության կյանքում լինում են վճռական պահեր, երբ պետք է լարել բոլոր ուժերը և հասնել բաղձալի նպատակին։ Իրենց ընկերությունում նման պահերը շատ են եղել:

«Այդպիսի մի պահ է հասունացել։ Մենք դարձանք առաջատար մեր երկրում, մեր Երևանը մեկ միլիոնանոց քաղաք է։ Ժամանակն է բարձրացնել նշաձողը։ Այս անգամ մենք պետք է զարմացնենք 20 միլիոնանոց Մոսկվային»,- նշում են ընկերությունում:

Ըստ Խաչատուր Գրիգորյանի՝ խնդիրն իրոք դժվար է և հետաքրքիր։ «Դժվար խնդիրներ լուծելն է իմաստավորում մեր կյանքը։ Միասին, առանց մեծ արտաքին ներդրումների՝ մենք դուրս ենք գալիս մեծ շուկաներ։ Այստեղ հաղթելը շատ բան կփոխի մեր երկրում։

Հայկական ընկերությունների հաղթանակները մեր տնտեսության հաղթանակներն են, այսպիսի հաղթանակներն են, որ առաջ են տանելու մեր երկիրը, և մի օր այն կդարձնեն առաջատար տեխնոլոգիական երկիր»,- նշում է Խաչատուր Գրիգորյանը:

Ընկերությունը նպատակ ունի մինչև տարվա վերջ օրական պատվերների քանակը հասցնել 400-ի։

Նշենք նաև, որ gg հայկական ընկերությունը 2016-ից գործում է նաև Վրաստանում: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս