
Աբորտի համար դատապարտված կնոջը վաղաժամկետ ազատ են արձակել 15 տարի հետո. BBC News

Սալվադորում աբորտի համար 30 տարվա բանտարկության դատապարտված կնոջն ազատ են արձակել 15 տարի անց: Այդ մասին հայտնել է BBC News-ը: Երկրի գերագույն դատարանը որոշում է ընդունել կրճատել Մայրա Վերոնիկա Ֆիգերոյա Մարոկինի պատժաժամկետը, որին 2003 թվականին մեղադրել էին իր չծնված երեխայի կանխամտածված սպանության մեջ: Կինն ինքը չի ընդունել մեղքը եւ դատարանում պնդում էր, որ ինքը վիժել է:
Սալվադորի Հանրապետությունն այն քիչ պետություններից մեկն է, որտեղ օրենսդրական մակարդակով արգելված են աբորտները: Հղիությունն ընդհատելու համար կանանց սպառնում է ութ եւ ավելի տարվա բանտարկություն: Սակայն հաճախ, երբ պտուղը մեռնում է արգանդի մեջ կամ մեռելածին է, կանանց մեղսագրում են կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում: Այդ հանցագործության համար սպառնում էառնվազն 30 տարվա ազատազրկում: