«Հայաստանը և ԵՄ-ն երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր». Ֆեդերիկա Մոգերինի
Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ 24 երկրներից Երևան ժամանած «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» 220 երիտասարդ մասնակիցներին ուղղված իր խոսքում։
«Անցած նոյեմբերին մենք Բրյուսելում շատ կարևոր գագաթնաժողով անցկացրինք մեր վեց Արևելյան գործընկերների հետ, իսկ մասնավորապես Հայաստանի հետ ստորագրեցինք երեք հիմնարար փաստաթղթեր: Ստորագրեցինք նոր համագործակցության համաձայնագիր, որը հուսով ենք, որ ավելի կդյուրացնի մեր քաղաքացիների կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական միությունում»,- ասել է Մոգերինին: Դիմելով երիտասարդներին՝ ԵՄ հանձնակատարը նշել է, որ օրինակ երիտասարդ հայ ինժեներներն, ի շնորհիվ ստորագրված համաձայնագրերի, շատ ավելի հեշտությամբ կարող են աշխատել ԵՄ-ում, և հակառակը:
«Հայկական համալսարաններն այժմ մուտք կունենան եվրոպական հետազոտական և նորարարական ծրագրերին: Դրանք ամենամեծ հետազոտական ծրագրերն են աշխարհում»,- ընդգծել է Մոգերինին: Նրա խոսքով՝ ստորագրված նոր համաձայնագրերը կոչված են նաև բարելավելու նաև Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունը ինչպես ցամաքային, այնպես էլ օդային կապի առումով:
«Մենք երազում ենք ունենալ Եվրոպա, որտեղ սահմանները ոչ թե խոչընդոտ են, այլ դռներ, որոնք բացվում են երիտասարդների համար: Խնդրել ենք քաղաքացիական հասարակությունների կազմակերպություններին մեզ օգնել այս համաձայնագրերն իրապես հաջողված դարձնել»,- նշել է Ֆեդերիկա Մոգերինի: