«Ամեն ինչն իմիտացիա է և թոզփչոցի»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն իրարանցում է առաջացրել իշխանական շրջանակներում։ Դեսպանը հերթական անգամ խոսել է կոռուպցիայից, մենաշնորհներից և իշխանության չարաշահումից։

«Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ: Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը՝ բացելու երկիրը առևտրի և ներդրումների համար»,- ասել է դեսպանը:

Այժմ Հանրապետականները փորձում են հակադարձել Ռ.Միլսին՝ պնդելով, թե առաջինը հենց իրենք են խոսում երկրի խնդիրների մասին։

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը «168 Ժամի» հարցին՝ ի՞նչ է ցուցանում դեսպանի հայտարարությունը, հայտարարեց, թե ԱՄՆ դեսպանին չի ուզում պատասխանել, և ընդհանրապես՝ դեսպանների:

«Յուրաքանչյուր դեսպան իր երկրի մակարդակով քննություն է վերցնում այլ երկրի հասարակության մեջ»,- ասաց Գ. Սահակյանը:

Մեր հարցին` մենաշնորհներն ու կոռուպցիան իշխանության չարաշահմա՞ն հետևանք են, Գ.Սահակյանն ուղիղ պատասխան չտվեց, այլ ասաց՝ եթե կան նման խնդիրներ, բնականաբար, մեղավորությունն իշխանության վրա է. «Եթե այդ կոռուպցիան կա, և դուք տեղը գիտեք, կամ ԱՄՆ դեսպանը տեղը գիտի այդ կոռուպցիայի, թող ասի: Ես չգիտեմ»:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պարոն դեսպանի գնահատականները ոչ այնքան՝ որպես սուր քննադատություն է ընկալում, այլ՝ որպես «ջանացավ» գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն:

«Եվ ուզում եմ ասել, որ ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության կենտրոնում են հակակոռուպցիոն միջոցառումները և Հայաստանի հետևողական ժողովրդավարացումը: Դրա համար մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնել»,- ընդգծեց Է. Շարմազանովը՝ հավելելով, թե այս 1 տարվա ընթացքում հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություն արդեն ընդունվել է, և հակակոռուպցիոն գործողությունները շարունակվելու են՝ հաշվի առնելով ամերիկացի և եվրոպացի գործընկերների փորձը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում չկան վատ երևույթներ, ինչպիսին կոռուպցիան ու մենաշնորհն են, պարզապես այդ ամենի մեջ պետք է տեսնել՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե՞ այսօր։ ՀՀԿ խոսնակը վստահություն հայտնեց, որ ներդրվող մեխանիզմները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ պայքարել այդ «ախտի» դեմ.

«Ցանկացած երկրում՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, կան կոռուպցիոն երևույթներ: Բայց որևէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան ՀՀ գործող իշխանությունները: Մենք ունենք քաղաքական կամք: Մենք ուշադիր կլսենք մեր բոլոր արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկները և, եթե կարիք լինի, նոր թափով կսկսենք այդ բարեփոխումների իրականացումը»:

Հարցին, թե ինչո՞ւ են իշխանության հետ փոխկապակցված անձինք մենաշնորհներ ստեղծում տնտեսությունում, Շարմազանովը չպատասխանեց. «Ես չեմ այն մարդը, որ կարող եմ բոլոր հարցերին պատասխաններ տալ: Ես ամբողջական ինֆորմացիան չունեմ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱՄՆ դեսպանի հայտարարությունը «փաստերի արձանագրում» է համարում: Ըստ նրա` ԱՄՆ-ը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, բնականաբար, կցանկանար, որպեսզի ՀՀ-ում լինեին մրցակցային պայմաններ, որպեսզի ներդրումներ ներգրավվեին, և երկիրը զարգանար այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ի համար կարևորագույն խնդիր է Կովկասում ուժերի հավասարակշռության պահպանումը, իսկ դա հնարավոր է միայն Հայաստանի տնտեսական զարգացման հստակ տեսլականի դեպքում:

«Դրա հիմքում պետք է դրվի մրցակցությունը, ազատ տնտեսական հարաբերությունների ձևավորումը, բնականաբար, նաև կոռուպցիոն ռիսկերի նվազումը: Դրանք ակնհայտ փաստեր են, և միջազգային զեկույցներում բազմաթիվ անգամ նշվել է, որ այն երևույթները, որոնք ԱՄՆ դեսպանը նշել է, իրապես գոյություն ունեն մեր տնտեսության մեջ, մեր հանրային կյանքում, և դրա դեմ պայքարը պետք է լինի թիվ 1 խնդիրը»,- ասաց Ս.Բագրատյանը` հավելելով, որ հատկապես ապրիլից հետո ՀՀ իշխանությունների աշխատանքը պետք է լինի այս երևույթի դեմ պայքարը:

Նրա կարծիքով՝ ուղղաձիգ կառավարման համակարգը շատ ավելի նպաստում է կոռուպցիային այն պարզ իմաստով, որ հաճախ բրգաձև համակարգի ներքին ստորին օղակներում սկսվում է մի աշխատանք, որ տանում-հասցնում է դեպի բուրգ. «Երբ անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգում հորիզոնական հարաբերությունների, այդ դեպքում յուրաքանչյուր կոնկրետ ապակենտրոն տարածք կառավարման համակարգի պատասխանատու է լինելու տվյալ ոլորտի կոռուպցիայի համար»։

Ս.Բագրատյանը վստահ է, որ ապրիլից հետո 3 կողմից ճնշումների կենթարկվի ցանկացած իշխանություն, որը չի գնա արագ փոփոխությունների, այդ թվում՝ դեսպան Միլսի նշած ուղղություններով, հատկապես՝ կոռուպցիայի:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում նույնպես փաստեց, որ դեսպանը ճշմարտությունն է ասել, և նրա խոսքը կարելի է ընկալել՝ որպես սրտացավ գործընկերոջ դիտարկում։

«Ո՞վ չգիտի, որ Հայաստանում կա լուրջ կոռուպցիա, ներդրումների համար չկան բարենպաստ պայմաններ, չկան անկախ դատարաններ, կան մենաշնորհներ, և այլն»,- նկատեց Ա.Միրզոյանը։

Թե ի՞նչ է նշանակում ԱՄՆ դեսպանի նմանօրինակ հայտարարությունների պարբերաբար կրկնվելը, Ա.Միրզոյանը կարծում է, որ դա դեսպանի միջոցով ԱՄՆ իշխանությունների և Հայաստանի դե ֆակտո իշխանությունների՝ ՀՀԿ-ի երկխոսությունն է.

«Երևի ինչ-որ ազդակ են տալիս, չեն ընկալում, կամ էլ չեն ուզում ընկալել, որովհետև մեծ հաշվով, երբ գալու է ընտրությունների օրը, և ՀՀԿ-ն, ինչպես մինչ այժմ եղել է, փորձելու է վերարտադրվել, ԱՄՆ իշխանությունները և արևմտյան այլ զանազան կառույցներ ասելու են, որ սա մեկ քայլ առաջ էր, բայց մենք գիտենք ամբողջական պատկերը»։

Ա.Միրզոյանի կարծիքով՝ կատարվող փոփոխությունները, որ կառավարության նիստերը դռնփակ են դառնում, ԱԺ պատգամավորներին չի թույլատրվելու ներկա գտնվել կառավարության նիստերին, ամեն ինչ կենտրոնացվում է վարչապետի անմիջական ենթակայության տակ, սա չի խոսում բարեփոխումների մասին. «Միայն օրենսդրական նախաձեռնությունով չէ։ Փաստացի ի՞նչ քայլ են արել, որ երկրում կոռուպցիան նվազի։

Հակակոռուպցիոն մարմին են ստեղծում, արևմտյան երկրներին կամ կառույցներին ասում են՝ ունենք հակակոռուպցիոն մարմին, նրանք էլ ասում են՝ կեցցեք։ Բայց իրականում ո՞նց է աշխատում այդ մարմինը, ո՞ր մոնոպոլիային է վերջ տվել։ Այսինքն՝ ամեն ինչն իմիտացիա է և թոզփչոցի։ Ես չեմ ուզում կիսատ ասել ճշմարտությունը. ըստ երևույթին, արևմյան կառույցներին և երկրներին այդ թոզփչոցին բավարարում է, կամ աչք են փակում, կամ էլ իսկապես խաբվում են»։

Ամեն դեպքում, պատգամավորի կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից ավելի լուրջ արձագանք չի լինի, ինչպես մինչև հիմա չի եղել։ Սակայն ֆինանսավորման կրճատման հնարավորությունը նա չբացառեց.

«Դա իշխանություններին մանևրելու ավելի քիչ տեղ է թողնում հետզհետե, օրինակ՝ Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը մեր երկրում փակվեց, կամ մեկ այլ ծրագրով ավելի քիչ գումար եկավ, իշխանություններն ավելի դժվարությամբ են կարողանում ղեկավարել երկիրը, բայց չի եղել մի իրավիճակ, որի պատճառով իշխանությունները հեռանան։ Եվ պետք էլ չէ։ Սա մեր հարցն է, այդ թվում՝ կոռուպցիան, մենք պետք է կարողանանք ինքներս հեռացնել հանրապետականներին իշխանություններից և ազատ ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձևավորենք»։

Տեսանյութեր

Լրահոս