Բաժիններ՝

Թրամփը հուսով է, որ միջկորեական պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան

Միացյալ Նահանգները հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության նոր պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան: Այս հայտարարությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ մարտի 6-ին Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք առաջվա պես լի ենք վճռականությամբ հասնելու Կորեական թերակղզու միջուկազերծման,- նշել է ԱՄՆ-ի ղեկավարը:- Այսօր շատ էին լուրերը միջկորեական պայմանավորվածությունների մասին: Պետք է հուսալ, որ դրանք կբերեն շատ դրական արդյունքների»:

Թրամփը նաեւ հայտարարել է, որ հավատում է Սեուլի եւ Վաշինգտոնի հետ երկխոսելու պատրաստակամության վերաբերյալ Փհենյանի հայտարարություններին՝ կապված ամերիկայն պատժամիջոցների ու այն բանի հետ, ինչ ԱՄՆ-ը անում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ, այդ թվում եւ այն մեծ օգնության հետ, որը Վաշինգտոնն ստանում է Չինաստանից»:

«Բայց պատժամիջոցները շատ, շատ ուժեղ էին ու շատ ցավագին»,– հավելել է Թրամփը՝ հորդորելով սպասել միջկորեական բանակցությունների արդյունքներին: Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնը մարտի 6-ին Սեուլում կայացած բրիֆինգում հայտնել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները ցանկություն են հայտնել կասեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ժամանակաշրջանում:

Նա նաեւ նշել է, որ Փենյանը հարավկորեական պատվիրակության այցի ընթացքում հավաստել է Կորեական թերակղզու միջուկազերծման հանձնառությունը: «Հյուսիսկորեական կողմը պարզորոշ նշեց Կորեական թերակղզու միջուկազերծման իր հանձնառությունը՝ եւ հայտարարեց, որ ինքը միջուկային զենքի տիրելու հիմքեր չի ունենա, եթե երաշխավորվի ռեժիմի անվտանգությունը եւ վերացվեն ռազմական սպառնալիքները ԿԺԴՀ-ի համար»,- նշել է նա: Չոն Ըհ Յոնը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը հանդիպում կանցկացնեն այս տարվա ապրիլի վերջին:

Բացի այդ, Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են կապուղի հաստատել երկու ղեկավարների միջեւ՝ կոնսուլտացիաներ անցկացնելու եւ ռազմական լարվածությունը թուլացնելու նպատակով: Կողմերը նաեւ պայմանավորվել են առաջին անգամ հեռախոսազրույց անցկացնել գագաթնաժողովից առաջ: Մարտի 5-ին երկօրյա այցով Փհենյան Է ժամանել հարավկորեական պատվիրակությունը՝ նպատակ ունենալով ապահովել երկու պետությունների մերձեցումը եւ նպաստել ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ երկխոսությանը:

Պատվիրակության կազմում, մասնավորապես, ընդգրկվել են Չոն Ըհ Յոնը եւ Հետախուզության ազգային ծառայության տնօրեն Սո Հունը: ԿԺԴՀ ժամանելուց հետո նրանք Կիմ Չեն Ընի հետ չորսժամյա հանդիպում են անցկացրել Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնակայանում: Մարտի 6-ին պատվիրակությունն ավարտել է այցը եւ վերադարձել Հարավային Կորեա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս