Կառավարությունը բացասական կարծիք հայտնեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների առաջարկին
Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը․
«ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված նախագիծը ծավալուն է, սակայն չի բխում օրենքի տրամաբանությունից, ոլորտում վարվող քաղաքականության նպատակներից, և համահունչ չէ միջազգային պրակտիկային, և ըստ այդմ՝ առաջարկվում է օրենքի գործող հոդվածները թողնել անփոփոխ։ Հիմնավորումները մանրամասն ներկայավցած են։
Օրինակ՝ նախագծով սահմանված է պետական նպաստների նշանակման կամ մերժման համար 5-օրյա ժամկետ, այս կապակցությամբ օրենքով սահմանված են 11 տեսակներ, որոնցից 10-ի մասով սահմանված են նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու որոշում կայացնելու ժամկետները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նպաստի նշանակման առանձնահատկությունները, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, և այլն։
Հաշվի առնելով, որ, օրինակ՝ ընտանեկան նպաստների համար պահանջվում է նաև տնային այցելություններ, շատ դեպքերում դրանք իրականացվում են հանձնաժողովներով, ժամանակատար են, այս առաջարկում ժամկետների միասնականությունը չի կարող աշխատել»։
Հաջորդ հարցը, ըստ նախարարի՝ վերաբերում է կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարել փոփոխություն․ «Գործող օրենքով սահմանված է, որ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուն պետք է ներկայացնի տեղեկանք՝ կենսաթոշակը նշանակելուց հետո աշխատած լինելու մասին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013թ․ հունվարից գործում է եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգը, և այդ տեղեկատվությանը տիրապետում է կենսաթոշակ նշանակող մարմինը, առաջարկության տրամաբանությունն այն է, որ քաղաքացին միայն դիմումը ներկայացնի։ Առաջարկում ենք այս նախագծին հավանություն տալ և ներկայացնել ԱԺ»։
Հաջորդ հարցը, ըստ նախարարի՝ վերաբերում է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը․
«Մասնավորապես, խնդիրը վերաբերում է ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգին, որն այս կառավարության որոշմամբ հաստատված է, և ընտանիքը կարող է օգտագործել հիպոթեքային վարկ, ուսման վարձավճար մարելու համար և հեռավոր սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Ի սկզբանե այս դրույթը ներառել էինք՝ որպես ժամանակավոր դրույթ, այս ընթացքում նշված ուղղությամբ քաղաքացիները 3 մլրդ դրամ տնօրինել են՝ կանխիկ ամսական 25 հազար դրամով։ Առաջարկում ենք այս ժամանակավոր դրույթը ևս մեկ տարով երկարացնել»։