Միջինքի և Քառասուն մանուկների տոների սովորույթները հայոց մեջ
Միջինքը հայերիս ամենասիրելի տոներից մեկն է: Այն նշվում է Տնտեսի կիրակին հաջորդող չորեքշաբթի օրը և կիսում է Մեծ պահքը: Եկեղեցական տոնացույցում Միջինքը որպես տոն ամրագրված չէ, սակայն հայոց ավանդական կենցաղում շատ տարածված է եղել և ունեցել է գեղեցիկ ծիսաշար: Միջինքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Քառասուն մանուկների հիշատակի տոնը: Այն ևս մեծ ժողովրդականություն է վայելել: Տոների մոտ լինելու պատճառով հայոց մեջ Միջինքի և Քառասուն մանկանց հիշատակին նվիրված սովորույթները միահյուսվել են և կատարվել Մեծ պահքի չորրորդ շաբաթվա ընթացքում: Ուստի տարբեր գավառներում հաճախ դրանք ունեցել են նույն անվանումը՝ «Միջունք» կամ «Քառսուն մանուկ», «Քառասուն ճրագ», «Լիճք» և այլն:
Համաձայն վարքագրական աղբյուրների՝ Քառասուն մանուկները («մանուկ» բառը տվյալ դեպքում զինվոր իմաստն ունի) IV դ. նահատակ սրբեր են: Եկեղեցու հայրերն իրենց սիրելի սրբերի մասին հյուսել են մեկ այլ ավանդություն, ըստ որի՝ նրանք Բեթղեհեմի այն մանուկներն են, որոնց Հերովդես արքան կարգադրեց կոտորել: Երբ արքայի հրամանով Նազարեթ քաղաքի բոլոր տղա երեխաներին նրա մոտ են տանում, Հիսուս նրանց մեջ չի լինում: Բանն այն է, որ Նրա մազերը հյուսած են լինում, ուստի շփոթում են աղջկա հետ: Այդ քառասուն երեխաներին գցում են կրակի մեջ: Սակայն երեխաները ոչ թե այրվում են, այլ անկաշկանդ խաղում:
Երբ կրակը հանգչում է, երեխաները դուրս են գալիս և ուրախ-ուրախ նետվում իրենց ընդառաջ եկող մայրերի գիրկը: Մայրերը ծնրադրում են Աստծու առջև, աղոթում, երկրպագում և ասում. «Էս քառսուն մանուկները, անմեղ կուսեր, ազատվան չարի կրակից: Թո՛ղ էսի ըլնի Քառսուն մանկան տոնը: Ամեն տարին մեկ անգամ թո՛ղ ժողովուրդը էս տոնը կատարի, քանի աշխարհկը շեն տուն կա»: Այդ օրվանից մնում է քառասուն մանկան օրը:
Տոնական այս շղթայի բաղադրիչներն են ուտեստը, լիճքը, ծնրադրությունը, ամուսնաընտանեկան ծիսակարգը, ննջեցյալների հիշատակի սովորույթները:
ՄԻՋԻՆՔԻ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ
Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը գաթան է: Այն անվանել են գաթա, բաղարջ, տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք, միչինք և այլն: Միջինքի կերակրացանկի մաս են կազմել նաև տարբեր հացերը, հատիկավոր ուտեստները, որոնք նույպես խորհրդանշել են առատություն և բարեկեցություն: Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրություն:
Միջինքի գաթան պատրաստել են ձեթով, ալյուրով, շաքարավազով, մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով: Այն հիմնականում եղել է կլոր: Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով: Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տանտիկինները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն (տատը կամ պապը): Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:
Գուշակության համար մեջը դրվել է ուլունք, մատանի, արծաթյա դրամ, կորիզ, փայտի կտոր և այլն: Միջինքի գաթան բաժանել են ընտանիքի անդամների թվով: Ջուղայում հավատացել են, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դեմ առնի դանակին, ապա ապրուստը պետք էր սպասել հողից: Եղել է նաև հակառակ պատկերացումը, ըստ որի նշանը դանակի տակ ընկնելու դեպքում դովլաթը պատկանել է ընտանիքի բոլոր անդամներին: Ում բաժնի միջից նշանը դուրս է եկել, ասել են, որ այդ տարի ընտանքի հաջողությունը, բարեկեցությունը նրա հետ է կապված, տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կամ տարվա հաջողակը նա կլինի: Միճնապլիթից դուրս եկածը գտնողին է մնացել: Համբուրել են, դրել գրպանը, իսկ եթե դրամ է եղել, գցել են գանձանակը, որովհետև այս վիճակահանության մեջ «տան բախտն է»:
Բացի գաթայից, Միջինքի օրը փոքրերի համար աշխատանքային գործիքների և տան կահ-կարասու տեսքով հացեր են թխել: Դրանք ուռչելու դեպքում հավատացել են, որ հողը բերքատու,կաթի առատ, մառանները շեն կլինեն: Խմորից հոր կոչվող գնդեր են պատրաստել, մեկին՝ ցորեն, մյուսին՝ աճար, մյուսին՝ գարի կպցրել, որպեսզի ամեն տեսակի բերք ունենան:
Միջինքին պատրաստել են նաև այլ կերակուրներ՝ սիսեռով և թահինով կլոր քյուֆթա (գոճա քէօֆթէ), որը մատուցել են չամչով և չորա¬մրգերով պատրաստված խոշապի հետ, աղցուց քլուր՝ աղուհացի քուֆթայ, որն այդ օրվա հատուկ ճաշն է: Կերել են նաև ձեթով խավիծ, հալվա:
ԼԻՃՔ ԵՎ ԾՆՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Քառասուն մանկանց հիշատակի ժողովրդական սովորույթներն են լիճքը և ծնրադրությունը: Լիճքը որոշ բնակավայրերում կատարվել է եկեղեցում, այլ վայրերում՝ տանը: Բասենում, Դարալագյազում Միջինքի չորեքշաբթի երեկոյան եկեղեցում ջրով և ձեթով լի կոնք է դրվել, որը կոչվել է «լիճք», ուր եղեգնյա խաչի մեջ մինչև լույս պատրույգ է վառվել: Առավոտյան մաս-մաս բաժանվել է գյուղի տներին: Արարատյան գավառում և բասենցիների մոտ լիճքում վառվել է քառասուն պատրույգ:
Լիճքը խորհրդանշել է լճում մանուկների նահատակությունը, իսկ ջրի մեջ վառվող պատրույգի լույսը՝ այդ վայրում ծագած լույսը: Սվազում (Սեբաստիա) Քառասուն մանկանց տոնը մասնավոր նշանակություն է ունեցել, քանզի այն սրբերի նահատակության վայրն է: Քաղաքի հարավային կողմում է եղել սև, դառնահամ լիճը, ուր «Անցանէին ընդ ջուր, մաքրեալք որպէս զոսկի փորձելոյ ի հուր», և անդանօր «Պատուական արեանցն հեղելով, զկապուտակ զծովն վարդագոյն ներկէր»: Լճի մոտ գտնվել են բաղնիքի հետքերը, որտեղ ապաստանել է քառասուն զինվորներից այն մեկը, ով լքել է նրանց:
Քառասուն անգամ քառասուն, այսինքն՝ 1600 անգամ ծնրադրելը գրեթե ամենուր ընդունված է եղել: Դրան հիմնականում մասնակցել են երիտասարդ հարսներն ու աղջիկները՝ հաճախ հավաքվելով նշանված ընկերուհու տանը: Ընդունված է եղել տանել հալվա, գաթա, խեծաղ: Ծնրադրության ծեսը կոչվել է Քառասուն մանուկ, որի ժամանակ ամանի մեջ դրել քառասուն հատ բակլա: Աղջիկներից ամենափորձառուն ու նախաձեռնողը, համրիչը ձեռքին, հայտարարել է ծնրադրման արարողության սկիզբը: Այդ ընթացքում խմբով, երգեցիկ ձայնով արտասանել են.
Քառսուն մանուկը՝ լճին,
Թագն ու պսակը՝ ճտին,
Ինչ որ տվիր բաղնեցպանին,
Անոր կեսն ալ ինձի տուր:
Միջինքի շաբաթվա ընթացքում նաև ննջեցյալներին են հիշել՝ կապված քառասուն զինվորների նահատակության հետ: Գերեզմանատներ հինականում այցելել են շաբաթ կամ կիրակի: Հիշատակի հարգումը մեծ արարողություններով կատարվել է հատկապես Սեբաստիայում՝ Քառասուն մանկանց նահատակության վայրում:
Այսպիսով՝ Միջինքին և Քառասուն մանուկներին նվիրված տոները գարնանային շրջանի ամենասիրելի տոներից են եղել և դրանց նվիրված սովորույթները թարմ շունչ են հաղորդել Մեծ պահքի հոգեշահ ընթացքին:
Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Պատմական գիտությունների թեկնածու
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ