Հայ-թուրքական գործընթացն ավարտվեց, բայց Հայաստանը չփակեց դուռը
Ինչպես և հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս 2017թ․ սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության Խորհրդի բարձր ամբիոնից՝ մենք 2018թ․ գարուն մտանք առանց հայ-թուրքական արձանագրությունների։ Այսօր իր տրամաբանական ավարտին մոտեցավ հայ-թուրքական գործընթացը՝ չհանգեցնելով հարաբերությունների կարգավորման համատեքստում դրական փոփոխությունների։ Փորձենք ամփոփել՝ ինչու՞ գործընթացն ունեցավ նման զարգացում և ի՞նչ վերջակետի հանգեց։
Պետք է նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած այս գործընթացը ՀՀ իշխանությունների կողմից շատ մանրամասն մշակված նախաձեռնություն էր, որտեղ բոլոր ռիսկերը հաշվի էին առնվել:
Մեկնարկելով այն՝ ՀՀ նախագահն, ըստ էության, գնաց ՀՀ դիվանագիտության համար աննախադեպ մի քայլի, որը կոչված էր կոտրել բազմաթիվ կարծրատիպեր, այդ թվում՝ միջազգային, մեծացնել գլոբալ քաղաքական գործընթացներում Հայաստանի կշիռը և փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Իսկզբանե պարզ էր, որ նպատակը դժվար հասանելի է, իսկ վերջնարդյունքը՝ բարդ կանխատեսելի։ Սակայն, նույնիսկ անկախ ելքից, Հայաստանն այս խաղից հաղթող էր դուրս գալու՝ կամ բաց սահմանով ու հաղթահարված շրջափակմամբ, կամ բոլոր հարևանների հետ խնդիր ունեցող անհաշտ երկրի կարծրատիպը կոտրած ու գերտերությունների աչքերում իր միջազգային հեղինակությունը զգալիորեն բարելաված։
Այս գործընթացը Հայաստանի իշխանություններից իրականում շատ մեծ քաղաքական կամք էր պահանջում, քանի որ միաժամանակ անհրաժեշտ էր մի քանի խնդիր լուծել․
ա. դիմակայել Սփյուռքի որոշ շրջանակների դժգոհությանն ու հետևողական աշխատանք տանել՝ բացատրելով տարվող քաղաքականությունն ու թույլ չտալով Սփյուռքի և Հայաստանի միջև ջրբաժանների առաջացումը,
բ. Հայաստանի ներսում հաղթահարել քաղաքական տարբեր ուժերի դիմադրությունը (այդ թվում՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալը), ինչպես նաև հանրության որոշակի շերտերի մտավախություններն ու առավելապաշտական նկրտումները,
գ. աշխատանք տանել միջազգային հանրության հետ, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չկասեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչումը և այլն։
Բոլոր այս խնդիրները բավական բարդ, բազմակողմ ու աշխատատար էին։ Ուստի, իշխանություններից պահանջվում էր մեծ քաղաքական կամք՝ դրանք հաղթահարելու և որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալու համար։
Իսկ ինչպե՞ս իրեն դրսևորեց Թուրքիան։ Երբ մեկնարկում էր «ֆուտբոլային դիվանագիտությունը», Թուրքիան շատ ավելի ժողովրդվար էր, կամ առնվազն ձգտում էր այդպիսին երևալ՝ հույս ունենալով առաջ մղել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Բացի այդ, երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում էր «զրո խնդիր հարևանների» հետ սկզբունքի վրա, ինչն ուղղակի «պարտադրում էր» Անկարային դրական արձագանքել Հայաստանի նախաձեռնությանը։ Այլ խնդիր է, որ Թուրքիան բավական քաղաքական կամք չցուցաբերեց գործընթացի վճռորոշ պահին՝ սկսելով խոսել նախապայմանների լեզվով, սառեցնելով գործընթացն ու շեղելով տրամաբանությունը։ Արդյունքում, ինչպես ընդունված էր ասել, այն ժամանակ «գնդակը հայտնվեց Թուրքիայի կիսադաշտում», և վերջինս այդպես էլ չկողմնորոշվեց, թե ինչ անել գնդակի հետ։
Հետագայում զգալիորեն փոխվեց ներքաղաքական իրադրությունը, Թուրքիայի արտաքին քաղաքականության տրամաբանությունը։ Եվ իր դիրքերն ամեն գնով ամրապնդող Էրդողանն սկսեց փորձել օգտագործել հայ-թուրքական արձանագրությունների փաստը՝ հարկ եղած պահին դրանց մասին հիշելով և միջազգային հանրության հետ երկխոսության մեջ օգտագործելով։ Փաստացի, Թուրքիան ոչ միայն չցուցաբերեց բավարար քաղաքական կամք գործընթացն ավարտին հասցնելու համար, այլև այլասերեց դրանց նպատակն ու բովանդակությունը։
Ուստի, Հայաստանի արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից արձանագրություններն ու գործընթացն արդեն իսկ ծառայել են իրենց նպատակին և տվել են առավելագույն օգուտը, որ կարող էին տալ։ Հայաստանն ամրապնդեց իր դիրքերը թե՛ ԱՄՆ, թե՛ ՌԴ, թե՛ ԵՄ հետ հարաբերություններում՝ որպես հուսալի, կանխատեսելի և կառուցողական երկիր, որն արեց իրենից կախված ամեն բան տարածաշրջանում իրավիճակը բարելավելու համար։ Նույնիսկ արձանագրություններից ստորագրության հետքաշման գործընթացն իրականացվեց այդ նույն տրամաբանությամբ՝ Հայաստանի նախագահը մի քանի ամիս շուտ հրապարակայնորեն տեղեկացրեց իր որոշման մասին՝ ժամանակ տալով միջնորդներին միջոցներ ձեռնարկել, եթե նրանք նման անհրաժեշտություն էին տեսնում։
Բացի այդ, հետ քաշելով ստորագրությունները, Հայաստանը չփակեց դուռը։ Սերժ Սարգսյանը Մյունխենում հստակ հայտարարեց, որ եթե Թուրքիան կցանկանա Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, ապա պետք է բանակցի նոր փաստաթուղթ, նոր պայմաններում և ելնելով այսօր առկա իրավիճակից։
Աննա Կարապետյան
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ