«Լավ կլինի՝ հարկերի մեծ մասը հենց Շիրակի մարզում հավաքենք». տնտեսագետ
Այսօր Գյումրու քաղաքապետարանում 2017 թվականի համայնքի բյուջեի վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպվել:
Արդյո՞ք արդյունավետ է ծախսվել Գյումրու 2017 թվականի բյուջեն:
Իրականացված ծախսերի և բյուջետային հիմնական ցուցանիշների վերաբերյալ տվյալները ներկայացրեց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը՝ անդրադառնալով Գյումրու բյուջեի տնտեսված գումարների հաշվին անօթևանների համար սոցիալական բնակարաններ կառուցելու անհրաժեշտությանը:
Գյումրու համայնքապետարանը քաղաքի բյուջեի ազատ միջոցներից 15 միլիոն դրամ կտրամադրի Բուլվարային թաղամասի նախկին Ռադիոգործարանի շենքը գնելու համար: Այս որոշումը հավանության էր արժանացել Գյումրու ավագանու վերջին նիստի ընթացքում: Ներդրողների աջակցությամբ քաղաքապետարանն այստեղ սոցիալական բնակարաններ է կառուցելու:
Անդրադառնալով Գյումրու բյուջեն լրացուցիչ գումարներով համալրելու անհրաժեշտությանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մենք պետք է համեմատենք տված արդյունքը սպասված արդյունքի հետ: Բացի դրանից, պետք է վերլուծենք՝ ի՞նչ միջոցառումներ էր նախատեսված իրականացնել քաղաքի բյուջեի միջոցներով, և արդյո՞ք դրանք կատարվել են:
Վերջինիս խոսքով՝ բյուջետային օրենսդրության մեջ ներդրումային, զարգացման հոդվածներ կան, որոնք կարելի է կիրառել:
«Մնեք պետական բյուջեից շատ մեծ դոտացիա ենք ստանում, ինչը բյուջետային վարչարարության մասին լավ բան չի ասում: Ճիշտ է, օրենքով նախատեսված է, որ մենք պետական բյուջեից պետք է դոտացիա ստանանք, սակայն լավ կլինի՝ հարկերի մեծ մասը հենց Շիրակի մարզում շատ հավաքենք: Ստացվում է՝ մեր աշխատանքից մեր ստացածը կախված չէ: Սա բյուջետային համակարգի ամենամեծ թերությունն է»,- փաստում է տնտեսագետը:
Ս. Դավոյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են, օրինակ, Ախուրյան համայնքում բյուջեից մեկ շնչին բաժին հասնող գումարներն ավելի շատ, քան Գյումրու պարագայում, չէ՞ որ Գյումրին արդյունաբերական քաղաք է:
«Ախուրյանը սոցիալական ծրագրեր է իրականացնում բյուջեի գումարներից դուրս, միջազգային վարկերի, դրամաշնորհների հաշվին, դրա համար էլ մեկ բնակչի հաշվով բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան Գյումրիում»,- ասաց Ս. Դավոյանը:
Ինչ վերաբերում է համայնքի բյուջեի հաշվին աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսագետը նշում է, որ դրանով ավելի շատ մասնավոր ներդրողները պետք է զբաղվեն, ոչ թե քաղաքապետարանը: Եթե անգամ համայնքի բյուջեի միջոցներով փոքր արհեստանոցներ բացվեն, ապա դրանք քաղաքապետարանի ենթակայության ներքո կլինեն:
Անահիտ Սիմոնյան