«Կարող ենք ունենալ պարկեշտ դատավորներ, բայց եթե նրանք արհեստավարժ չեն, չենք կարող ապահովել պատշաճ արդարադատություն». Գևորգ Դանիելյան
ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ-ի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Մեղրյանին:
Գևորգ Դանիելյանն ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ դեռևս 2004 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Վարչական արդարադատության կայացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով, և դա՝ այն շրջանում, երբ, ըստ նրա՝ վարչական արդարադատությունը Հայաստանում համարժեք չէր ընկալվում.
«Ընկալվում էր՝ որպես վարչական խախտումների վերաբերյալ գործերի քննություն, վարչական դատարանի գաղափարը ևս համարվում էր խիստ վիճահարույց, բայց բարեբախտաբար, մի քանի տարի անց վարչական դատարաններ ստեղծվեցին, վարչական արդարադատությունը կայացավ։ Իսկ վերջին շրջանում ինձ հատկապես հետաքրքրում են Հայոց եղեռնի միջազգային դատապարտման հիմնահարցերը։ Իմ բոլոր պաշտոնները հնարավորություն են տվել հանդես գալու մի տեսանկյունից, որ կամ գնահատել եմ դատական ակտերը, կամ դատավորի վարքագիծը»։
Դանիելյանի խոսքով՝ դատական իշխանության մարմինները հազվադեպ են դիմում ՍԴ. «Բայց, բնականաբար, խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ ՍԴ-ում իմ աշխատելու տարիներին ինձ համար պարզ դարձավ, որ խնդիրը չափազանց բարդ է և բազմաասպեկտ։ Առավել մեծ մտահոգողն այն է, որ դատական իշխանության մարմինները պարզապես իրավակիրառ պրակտիկայում սահմանադրականության տեսանկյունից լրջագույն խնդիրներ են ունենում։
Մենք երբեմն ունենում ենք օրենքներ, որոնք տառացիորեն համապատասխանում են միջազգային պայմանագրերին, բայց ակնհայտ սխալ են ընկալվում և կիրառվում, ինչն առաջացնում է որոշումների մեծ քանակ ոչ միայն՝ ՍԴ-ում, այլև՝ միջազգային դատական ատյաններում։ Բնականաբար, հանգամանորեն ուսումնասիրել և ժամանակին մասնակցել ենք այն բանավեճերին, որոնք վերաբերում են Դատական օրենսգրքին, և, որոշ վերապահումներով հանդերձ, որոնք վերաբերում են տեխնիկական հարցադրումներին, մեզ համար ընդունելի են։ Այն իրավունքները, որ վերապահված են այս խորհրդին, բավարար են արդյունավետ աշխատանք իրականացնելու համար»։
Դանիելյանը կարևորում է նաև դատավորների արհեստավարժության խնդիրը. «Արհեստավարժությունը մեծ խնդիր է, կարող ենք ունենալ պարկեշտ դատավորներ, բայց եթե նրանք արհեստավարժ չեն, չենք կարող ապահովել պատշաճ արդարադատություն»։