Մոսկվան խստորեն կխափանի Սիրիայում քաղաքական գործընթացը խաթարելու փորձերը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հուսով է, որ Սիրիայում հակակառավարական ուժերի արտասահմանյան հովանավորները կապահովեն այդ ուժերի կողմից հրադադարի պահպանումը։ Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում զինադադարի վերաբերյալ թիվ 2401 բանաձևի ընդունման կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պաշտոնական Մոսկվան նշել է, որ ռուսաստանյան կողմը Քուվեյթի և Շվեդիայի պատվիրակությունների կողմից նախապատրաստված փաստաթուղթը հավանության է արժանացրել՝ «ղեկավարվելով Սիրիական Արաբական Հանրապետության խաղաղ բնակչության հումանիտար զրկանքները թեթևացնելու խնդիրներով և հաշվի առնելով բազմօրյա լարված քննարկումներից հետո մեր հիմնական դիտողությունները տեքստում արտացոլելը»։
ՌԴ ԱԳՆ-ում սկզբունքորեն կարևոր են համարում, որ հաջողվել է չթույլատրել զինադադարի սահմանման ոչ իրատեսական սխեման հավանության արժանացնելը, «այժմ փաստաթուղթը հենց հակամարտության կողմերին դրդում է ռազմական գործողությունների դադարեցմանը»։ «Հասկանալի է, որ Նյու Յորքից կարգադրագրերով, առանց հակամարտող սիրիական կողմերի որոշակի պայմանավորվածությունների կրակի դադարեցում չի լինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հուսով ենք, որ հակակառավարական զինված կազմավորումների արտասահմանցի հովանավորները վերջապես կկատարեն «տնային աշխատանքի» իրենց մասը և կապահովեն իրենց հովանավորյալների կողմից մարտական ակտիվության դադարեցումը՝ ի շահ հումանիտար շարասյունների շուտափույթ և անվտանգ անցման,- նշել են նախարարությունում։ – Դրան ուշադիր կհետեևենք»։
«Կարող է պատահել, ինչ-որ մեկը դա չի իմացել կամ դիտմամբ անտեսել է, բայց զինյալների հետ Արևելյան Ղուտայում հրադադարի մասին բանակցություններ վարվել են, սակայն նրանք մերժել են նրանց առաջարկված բոլոր տարբերակները,- հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում։ – Ավելին՝ նրանք հրաժարվել են իրենց հսկողության տակ գտնվող շրջաններից բաց թողնել խաղաղ քաղաքացիներին, որոնց օգտագործում են որպես «կենդանի վահան», խոչընդոտում էին մարդասիրական միջանցքների աշխատանքը»։
Մոսկվայում բավարարված են այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ուղղությամբ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի աշխատանքը։
«Դիմելով ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունմանը՝ խստորեն կխափանենք լրացուցիչ հակառուսական և հակասիրիական հիստերիա հրահրելու և քաղաքական կարգավորման գործընթացը տապալելու փորձերը. այն Սոչիի՝ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքներով նոր շունչ է ստացել», – հատուկ ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսաստանը, որպես Աստանայի գործընթացի երաշխավոր երկիր և միջազգային հանրության պատասխանատու անդամ «կշարունակի աշխատել սիրիական բոլոր կողմերի հետ՝ ի շահ հակամարտության շուտափույթ կարգավորման, հաշտության հասնելու նրանց միջև, ովքեր դրանք ձգտում են ոչ թե խոսքով, այլ գործով, և ահաբեկչական սպառնալիքն վերջնական արմատախիլ անելու»։