Բաժիններ՝

«Մեր բոլոր ղեկավարները կարևորեցին գիտության ոլորտը և բարեհաջող թաղեցին այն». Կարեն Վարդանյան

Հարցազրույց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ

– Պարոն Վարդանյան, կառավարության կողմից անընդհատ նշվում է ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի մասնաբաժնի մեծացման մասին. Դուք որևէ առաջընթաց տեսնո՞ւմ եք այս ուղղությամբ։

– Ոչ, բացարձակ հետընթաց է, որովհետև նոր Հարկային օրենսգրքով մոտ 15 մլն դոլարի բեռ է դրվում ընկերությունների վրա, երբ եկամտահարկը բարձրացվում է, և ստիպված ընկերությունը պետք է կոմպենսացնի այդ գումարը։ Իսկ ինքը որտեղի՞ց է կոմպենսացնելու․մարքետինգի հաշվին, կրթության հաշվին, և այլն։ Այսինքն՝ այդ քայլն ուղղված է՝ դանդաղեցնելու ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման աճը։

– Այս խնդիրը կառավարությունում բարձրացրե՞լ եք։

– Շատ եմ բարձրացրել, մեզ ասել են, որ չեն կարողանում դիմադրել միջազգային կառույցներին։ Այսինքն՝ իրենք ասել են, որ սուվերեն չեն, և բոլոր այն խոսքերը, որ Հայաստանը սուվերեն է, և մեր ղեկավարները սուվերեն երկրի ղեկավարներ են, բլեֆ է, նրանք դրածոներ են։

– Կմանրամասնե՞ք՝ ինչ նկատի ունեք, և ո՞րն է խնդրի լուծումը։

– Եթե վերևից ճնշում են ղեկավարությանը, որ ենթարկվի միջազգային կառույցներին, ուրեմն ներքևից էլ պետք է ճնշենք։ ՏՏ արհմիություն պետք է ստեղծենք, դրանով ներքևից ճնշենք, որպեսզի մեր դրածոները գնան՝ ասեն, որ, եթե այս գործողությունն անենք, մեզ կարող է հանեն, էլ դրածոներ չլինենք, և տերերն ասեն՝ լավ, այս հարցերում զիջենք։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում։

– Իսկ այս վիճակը ՏՏ ոլորտում ուղեղների արտահոսքը չի՞ մեծացնում։

– Ոչ, ՏՏ ոլորտում ուղեղների արտահոսքը շատ քիչ է։ Հայաստանում ապրող բարձր որակավորում ունեցող ծրագրավորողը եթե գնաց դուրս, մոտ 10 անգամ ավելի աշխատավարձ պետք է ստանա, որպեսզի նույն կյանքի որակն ունենա։ Եթե մարդը խելամիտ է, հասկանում է, որ ինքն ավելի անվտանգ է այստեղ, կարող է տաքսու վարորդին վստահել, որ երեխային տանի խմբակ, ինքը չզբաղվի դրանով։ Նույն Ռուսաստանում կամ Սիլիկոնային հովտում ապրող մեր ընկերները 1.5 ժամ մեքենան վարում են, որ երեխային տանեն որևէ խմբակ, հետո 1.5 ժամ էլ ծախսում են, որ հետ բերեն։ Իսկ Երևանում երեխան կարող է օրը 3-4 խմբակ գնալ։ Սա մի օրինակ էր, միայն դա չէ։

– Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը շատ ունի ՏՏ ոլորտի կարիքը. հիմա համագործակցություն կա՞, և ի՞նչ փուլում է։

– Համագործակցություն կա, բայց շատ թույլ է։ Պոտենցիալի 1 տոկոսի չափով է համագործակցությունը։ Խնդիրն այն է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ բանակում, թե՛ բանակից դուրս, միշտ չեն հավատացել հայ մարդու ինժեներական պոտենցիալին, որովհետև իրենք այդ ոլորտից չեն եղել։ 1990 թվականին սոցիալական բուրգը շուռ է եկել՝ վերևում հայտնվել են պահեստապետները, իսկ ներքևում՝ ինժեներները։ Դրա համար պահեստապետը երբեք չի իմացել արտադրության կամ գիտության մասին։ Հիմա բնական է, որ իրենք չեն հասկանում՝ ինչպես ղեկավարել, դա է խնդիրը։

– ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը խոսում է գիտության կարևորության մասին, ինչ-որ սպասելիքներ ունե՞ք։

– Թույլ տվեք՝ չհավատալ նրան, որովհետև 30 տարի է՝ մեր բոլոր ղեկավարները կարևորեցին գիտության ոլորտը և բարեհաջող թաղեցին այն։ Այսինքն՝ ռեալ գործողություն չի եղել։ Մարդիկ ուրիշ առաջնահերթություններ ունեն, ուղղակի գիտեն, որ Հայաստանում կա ինժեներական ընտանեկան ավանդույթ, և ժողովուրդը սիրում է գիտություն, IT,  և իրենց PR-ի համար բոլոր ղեկավարներն ասում են, թե կարևորում են գիտությունը, IT ոլորտը, սեփական զենք ունենալը, բայց անում են ճիշտ հակառակը։

Նրանք նայում են՝ ինչ է հավանում տվյալ զանգվածը, և գիտեն, որ զանգվածը կազմակերպված կառույցներ չունի, որ հավաքվի քննարկի, եթե սուտ են ասում՝ դիմադրի։ Քանի որ գիտեն՝ դիմադրություն չկա, ինչ ուզում՝ ասում են։

– Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման ժամանակ էլ շատ խոսվեց ոլորտի կարևորության, հնարավոր ներդրումների մասին, բայց Ձեր խոսքից երևում է, որ որևէ դրական տեղաշարժ չեղավ։

– Ինչպես ասացի՝ 15 մլն դոլարի վնաս տվեցին։ Եթե վարչապետը գեներացնի 15 միլիոնանոց ծրագիր՝ ոլորտին օգնելու համար, լավ կլինի։ Իհարկե, դա Digital-Հայաստանը չէ, որովհետև դա բլեֆ է, մի կառույց, որը կես տարվա կանխատեսում չի կարողանում անել, բայց մինչև 2030 թվականի ռազմավարություն է մշակում, այն էլ՝ ծիծաղելի։ Ես չեմ կարող 500 կգ-անոց շտանգա բարձրացնել, մի հատ 2 կգ-անոց գանտել կարող եմ բարձրացնել, և կարծում եմ, որ կառավարությունը պետք է 2 կգ-անոց գանտելներ բարձրացնի, մինչև մկաններ հավաքի։ Պետք չէ PR-ի համար մինչև 30 թիվը ռազմավարություն ներկայացնել։

Չնայած՝ նախորդ կառավարության հետ պայմանավորվել էինք, որ ինչքան լաբորատորիա ստեղծենք, այնքան աշխատավարձ կտան, հիմա 60 մլն պակաս են տվել, և այդ բեռը մեզ վրա է։ Այսինքն՝ ուղղակի վնասարարությամբ են զբաղված IT ոլորտի նկատմամբ, ինչպես բոլոր կառավարությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս