«Հո Ռոբերտ Քոչարյանը չնստե՞ց ու Մարտի 1-ը որոշեց. է, կարող է՝ այդ մարդուն էլ խաբել են». Անդրանիկ Քոչարյանը հորդորում է՝ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին հարցաքննության կանչել
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ իրենք չէին կարող հարցաքննության կանչել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին:
Նա նշեց, որ այն ժամանակ իրենք հրավիրել են բոլոր այն մարդկանց, ովքեր այդ օրերին ունեցել են դերակատարում, ովքեր պաշտոնյա էին. «Հանձնաժողովն իրավասություն չուներ հարցաքննության կանչելու արդեն ոչ պաշտոնյաներին: Դա էր պատճառը, որ հանձնաժողովը հրապարակային հարցեր հնչեցրեց առաջին և երկրորդ նախագահներին: Ուզում եմ ևս մեկ անգամ այդ հարցերը հնչեցնել: Առաջին նախագահին՝ Դուք միտինգների ժամանակ հայտարարում էիք՝ էլ ինձնից բացի՝ թող ոչ մի զոհ չպահանջվի, և ժողովրդին վստահություն էիք ներշնչում՝ նրանց ապահովության և ամեն ինչի մասին, բայց երբ մարտի 1-2-ի օրը հարյուր-հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ լարված վիճակում՝ վիրավորված, կատաղած, զայրացած, և պետք էր առաջնորդ, որ այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ՝ «իմ անվտանգությունն ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա»: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահոված չէ, չէ՞ որ ամբողջ մի իշխանություն այնտեղ էր: Մի ամբողջ իշխանություն այնտեղ էին՝ նախագահ, վարչապետ, ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգություն, մի ամբողջ իշխանություն այնտեղ էր, բա չգիտեի՞ք՝ իշխանության քայլերն ինչ էին լինելու»։
Ս. Նիկոյանը նաև հնչեցրեց երկրորդ նախագահին ուղղված հարցը. «Երկրորդ նախագահ, Դուք արտակարգ դրությունը հայտարարելը հիմնավորելով՝ հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարո՛ն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը, կարող է՝ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման վրա»:
168.am-ը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ս. Նիկոյանի նշած դրվագը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության և փորձաքննության արդյունքում պարզված իրողության վերաբերյալ, հի՞մք չէ, որպեսզի Ռ. Քոչարյանին հարցաքննության հրավիրեն, և արդյոք Փաստահավաք խմբի պատրաստած զեկույցում այդ դրվագը տեղ գտե՞լ է:
Ի պատասխան՝ Ա. Քոչարյանն ասաց. «Ոչ թե՝ այդ դրվագը, այլ՝ ընդհանրապես բանակի ներգրավվածության մասին վերջին զեկույցը, որ տպվել է 2010 թվականի մայիս ամսին, այնտեղ նոր հանգամանքներ էին ի հայտ եկել հայտնի 0038 հրամանի, արտակարգ դրության սահմանադրականության հետ կապված, և այլն: Այդ զեկույցում ամեն ինչ հիմնավորված է: Եթե նախաքննական մարմինը դեռ չի կասեցրել Մարտի 1-ի գործը, պարտավոր էր այդ զեկույցը նայել, և, բնականաբար, այդ շրջանակներում, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին, դրանից առաջ, արտակարգ դրություն, առավել ևս, հիմա հնչեցնում են Քոչարյան Ռոբերտի այդ հայտարարությունները: Այն ժամանակ ինքը նախագահ է եղել, ոչ ոք ռիսկ չի արել կանչել, հիմա պետք է կանչեն՝ ինչ-որ հարցեր տան: Դա նախաքննության խնդիրն է, ո՛չ Փաստահավաք խմբի խնդիրն է, ո՛չ Նիկոյանի հանձնաժողովի խնդիրն է»:
Ա. Քոչարյանի խոսքով՝ նախաքննական մարմնից պետք է ճշտել, թե ինչո՞ւ Ռ. Քոչարյանին չեն կանչում հարցաքննության. «Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, հո միայն Ռոբերտ Քոչարյա՞նը չէ: Այդ ամբողջ շղթայի մեջ որոշումներ կայացնող հսկայական քանակի պաշտոնյաներ կան, ամեն մեկից պետք է բացատրություն վերցնեն՝ էս-էս բաներն ինչո՞ւ եք արել, չէ՞ որ այնտեղ օրենքի ակնհայտ խախտումներ կան, առավել ևս, սահմանադրական խախտումներ կան»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ բոլոր հիմքերը կային և կա՞ն նրանց հարցաքննության կանչելու համար, Ա. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Հիմքերը, իհարկե, ունեցել են: Այդ որոշումը կայացնում է Քննչական խումբը, նրա ղեկավարը, նրանք պետք է իրենց նախաքննությունից ելնելով՝ այդ քայլերն անեն: Ինչո՞ւ չեն անում, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան՝ կաշկանդված են: Պետք է դուրս գան այդ կաշկանդված վիճակից և իրականացնեն արդար քննություն:
Ի վիճակի՞ են, ուրեմն՝ կկանչեն, եթե ի վիճակի չեն, մենք ամեն տարի այս հարցերը կբարձրացնենք, ու այդպես էլ կմնա: Թող կանչեն, մի անգամ բացատրություններ վերցնեն, ի վերջո, հասկանանք՝ որտե՞ղ են այն նյութերը, որ զեկուցել են, ո՞վ է զեկուցել, ո՞ւր են այդ կրակած ցուցարարները, ինչի՞ ի հայտ չեկան, եթե չեն կրակել, սխալ են զեկուցել, ո՞վ էր այդ զեկուցողը, որի արդյունքում ուժ կիրառվեց: Կարող է՝ իրեն էլ խաբել են, բա մի հատ չհարցնե՞ն՝ պարո՛ն նախագահ, Ձեզ ո՞վ խաբեց: Կարող է՝ ԱԱԾ-ի գործակալներն են խաբել, բայց պետք է բացվի, չէ՞, այդ ամենը, եթե չեն խաբել, ուրեմն՝ իշխանազանցություն է եղել: Տեղից շարժվելու համար պետք է այդ ցանկությունը լինի, այդ կաշկանդվածությունը պետք է չլինի: Մեր խմբի առավելությունն այն էր, որ մենք կաշկանդված չէինք»:
Մեր նկատառմանը, որ Փաստահավաք խումբը նույնպես կարող էր հարցաքննության կանչել այդ պաշտոնյաներին, ինչո՞ւ չի կանչել, Ա. Քոչարյանը պատասխանեց. «Մենք հերթով կանչում էինք, մեր ցանկի մեջ բոլորն էլ կային, եթե Փաստահավաք խումբը չլուծարվեր, իհարկե, պետք է գային, պետք է բացատրություններ տային: Խումբը հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ կասեցրեց իր աշխատանքը, թե չէ, բնականաբար, պետք է գային: Բա Միքայել Հարությունյանը որ եկել էր, ի՞նչ էր, իր հաճույքո՞վ էր գալիս, զոռով ենք բերել, և բոլորին էլ պետք է զոռով բերեինք, պետք է գային: Այսօր այդ մանդատը ոչ ոք չունի՝ նախաքննական մարմնից բացի»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին հիմա չեն կանչում հարցաքննության՝ հաշվի առնելով, որ նա արդեն երկար տարիներ նախագահ չէ, ու այլևս պետք է, որ այդ կաշկանդվածությունը չլիներ, Ա. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Ախր, հո մենակ Ռոբերտ Քոչարյա՞նը չէ: Բացի նրանից՝ այնտեղ կան բազմաթիվ մարդիկ, Գորիկ Հակոբյանը մահացել է, բայց Հայկ Հարությունյանը ողջ է, Գրիգոր Գրիգորյանը ողջ է, Վարդան Օսկանյանը ողջ է, Տիգրան Թորոսյանը ողջ է: Արտակարգ դրություն էին մտցնում, Տիգրան Թորոսյանին թող կանչեն՝ հարցնեն՝ դու չէի՞ր տեսնում, որ Սահմանադրություն է խախտվում: Նախագահականում բազմաթիվ մարդիկ կային, որոնք այդ անցուդարձի մեջ իրենց դերակատարումն են ունեցել, հո Ռոբերտ Քոչարյանը չնստե՞ց ու Մարտի 1-ը որոշեց, է, կարող է՝ այդ մարդուն էլ խաբել են, չնայած նրան խաբելը մի քիչ դժվար է»: