Բաժիններ՝

Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները

Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված հրազենային հարձակումից հետո, որի արդյունքում տասնյոթ մարդ էր զոհվել, Ամերիկայի ավելի մեծաթիվ մարդիկ սկսեցին միանալ հրազենի վաճառքի վրա արգելքներ դնելու պահանջին: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է գտնել այլ ուղիներ: Ոչ թե խստացնում է, այլ ցանկանում է, որ ուսուցիչները նույնպես զինվեն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Քանի դեռ ԱՄՆ-ում դպրոցական աշակերտները, հավաքվելով Վաշինգտոնում, պահանջում են խիստ օրենքներ զենքի վաճառքի հարցում, նախագահ Թրամփն առաջարկում է հավելյալ զենքեր:

«Նման մարդիկ չեն կարող մուտք գործել դպրոց, եթե տվյալ դպրոցում ուսուցիչների քսան տոկոսը լինի զինված: Մենք պիտի հասկացնենք այդ մարդկանց, որ եթե մտնեք դպրոց, նախ կսպանեն ձեզ»,- ասել է Թրամփը:

Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք օրենսդիր մարմինը կհաստատի ուսուցիչներին զինելու մասին նախագահի ծրագիրը: Պարզ չէ նաեւ, թե այդ հարցին ինչպես կնայի երկրի բնակչության մեծամասնությունը:

Ամերիկյան համալսարանից Քափրի Քաֆարոն ասում է. «Պատկերացրեք, որ ինչ որ մեկը դպրոց է մուտք գործում AR-15 տիպի զենքով, եւ նրա դիմաց է դուրս գալիս սովորական ատրճանակով մի ուսուցիչ: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա արդար մարտ է»:

Թրամփն ասում է նաեւ, թե ինքը պատրաստ է արտոնել հրազեն գնողների տվյալներն ավելի մանրամասն ստուգելու իրավունք, պատրաստ է արգելել արագացնող սարքերի վաճառքը, մի սարք, որը կիսաինքնաձիգ հրացանները վերածում է լիակատար ինքնաձիգների: Ասում է, թե պատրաստ է նաեւ ավելի բարձր տարիք սահմանել հրազեն գնելու իրավունքի համար:

Այս ամենին ամենադեմն իհարկե Հրազենի ազգային ընկերակցությունն է, որի գլխավոր տնօրեն Ուեյն Լափիերը բողոքում է, թե «Նրանց նպատակը սահմանադրությունում երկրորդ փոփոխությունն ու զենք կրելու մեր իրավունքը վերացնելն է: Այսպես որ, նրանք կարող են վերացնել մեր բոլոր ազատությունները»:

Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահի խոսքերով, չկա բոլոր զինատեսակներն արգելելու նպատակ: «Նպատակն այն է, ասում է նա, որ զենք կրելու իրավունքից զրկվեն հասարակության անվտանգությանը սպառնացող անձինք»:

Մեկնաբանություն, որը կարող է լուրջ փոփոխության ենթարկվել եկող շաբաթների ընթացքում, երբ այստեղ սկսվեն զանգվածային այնպիսի ցույցեր, ինչպես ծրագրում են Ֆլորիդայում իրենց ընկերներին կորցրած աշակերտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս