
Իրավապաշտպանները Թուրքիայից պահանջել են հետաքննել Աֆրինում խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները հայտարարել են, որ Թուրքիան նախազգուշական միջոցներ չի ձեռնարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների զոհվելուն: Այդ մասին ասված է զեկույցում, որը փետրվարի 23-ին հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Թուրքիան պարտավոր է ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խուսափի խաղաղ բնակիչների զոհվելուց, ինչպես նաեւ օգնելու նրանց, եթե նրանք ցանկանում են հեռանալ բռնության վայրերից»,-հայտարարել է կազմակերպության մերձավորարեւելյան ստորաբաժանման փոխտնօրեն Լամա Ֆակիհը:
Կազմակերպությունը հետաքննություն է անցկացրել Աֆրինում երեք գրոհների շուրջ, որոնք ձեռնարկվել են հունվարի 21-ին, 27-ին եւ 28-ին, որոնց զոհ է դարձել առնվազն 26 խաղաղ բնակիչ, ներառյալ 17 երեխա: Իրավապաշտպանները Թուրքիայի պաշտպանության նախարարություն նամակ են ուղարկել այդ հետաքննության արդյունքների վերաբերյալ, սակայն պատասխան չեն ստացել թուրք զինվորականներից:
«Եթե Թուրքիայի զինած ուժերին չի հաջողվել պարզել տասնյակ խաղաղ բնակիչների ներկայությունն այն վայրերում, որոնք հունվարի 21-ի, 27-ի եւ 28-ի գործողությունների թիրախներ են դարձել, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել, ապա դա լուրջ անհանգստություն է առաջացնում այն բանի կապակցությամբ, թե Թուրքիան ինչպես է պարզում խաղաղ բնակչության առկայությունն իր թիրախների մերձակայքում, եւ ձեռնարկում է նա արդյոք նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նվազագույնի հասցվեն զոհերը խաղաղ բնակչույթան շրջանում»,-նշվում է կազմակերպության զեկույցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: