Հայկական կողմն այլ խնդիր է լուծում
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի 2016թ. ՀՀ կատարած այցից հետո Հայաստանն առաջին անգամ հայտարարեց Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ տրանսպորտային միջանցք ձևավորելու՝ Իրանի առաջարկի շուրջ հետաքրքրության և քայլեր ձեռնարկելու մասին:
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը շատ քննարկվեց հայաստանյան մամուլում, սակայն ուշադրությունից վրիպեց նախագահի ելույթի ամենակարևոր հատվածներից մեկը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորի նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև:
«Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
Հետաքրքրականն այն է, որ իրանական այս առաջարկը հայ-իրանական օրակարգի Իրանի տեսլականն է: 2016 թվականից Հասան Ռուհանին հայաստանյան ամենատարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում նշել է, որ Թեհրանի և Երևանի միջև տրանսպորտի և ապրանքափոխադրումների ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով Թեհրանը պատրաստ է Հայաստանին տրամադրել տեխնիկական և շինարարական ծառայություններ՝ Հայաստանի տարածքով Սև ծովը Պասից ծոցին միացնելու համար: Իսկ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում ԻԻՀ նախագահն ասել էր, որ տարանցման այդ ուղին անպայմանորեն պետք է ստեղծվի:
Ըստ նրա՝ Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնել, երկաթգծի միջոցով պետք է ունենալ փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն: Այս միջանցքի ստեղծման անհրաժեշտության մասին իրանական կողմը բանակցություններ է վարել նաև վրացական կողմի հետ: Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն բազմիցս ակնարկել է, որ վրացական կողմը Իրանի հետ կոնսենսուս ունի այս հարցի շուրջ:
«168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար, նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին, նախ՝ անդրադառնալով Ս. Սարգսյանի հայտարարություններին, ասաց, որ ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի և Վրաստանի, բայց ոչ՝ Ռուսաստանի հետ, որը ևս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողն կարող էր լինել:
«ՀՀ նախագահը, ըստ իս՝ իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում: Առաջին դիտարկումս այն է, որ նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ մտավախություններ ունի, որ այս ծրագրով հետաքրքրված չլինելու դեպքում Ռուսաստանը լուրջ խոչընդոտ կդառնա Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համար: ՀՀ նախագահը դա ասում է արևմտյան լսարանի համար՝ աջակցելով շատ ավելի լուրջ աջակցություն այդ ծրագրին և, ընդհանուր առմամբ, Հայաստանին՝ նման կարևոր որոշումներ կայացնելու համար:
Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է, բայց չի ստացել կանաչ լույս Ռուսաստանից: Երկրորդ` այս հայտարարությամբ ՀՀ նախագահը նաև տրամադրություններ է փորձում շոշափել Կրեմլում, ՀՀ նախագահի այս խոսքերից հետո Կրեմլը ևս ազդակներ կփոխանցի հայկական կողմին: Երրորդ` հայկական կողմը նաև այլ խնդիր է լուծում` ռուսական կողմին հասկացնում է, որ ունի այլընտրանքներ, և Կրեմլը, եթե կոպիտ ներկայացնենք, ապա կորցնելու բան ունի»,- ասաց Իրակլի Մենագարիշվիլին:
Խոսելով բուն նախագծից` վրացի նախկին դիվանագետն ասաց, որ տարածաշրջանային երկու միջանցքներ են քննարկվում, առաջինը՝ Հայաստանի, երկրորդը` Ադրբեջանի տարանցմամբ: Եվ, ըստ նրա՝ Հայաստանի շահերից է բխում՝ անել ամեն բան, որ հայկական ուղղությունն աշխատի, որի համար պետք է բանակցել նաև Ռուսաստանի հետ:
Ըստ Մենագարիշվիլիի՝ եթե երկու միջանցք հաջողվի գործարկել, ավելի լավ կլինի տարածաշրջանի համար, ավելին, այլընտրանքներ կլինեն, սակայն ուշացնելու դեպքում հայկական ուղղությունը կարող է հայտնվել չիրագործման վտանգի տակ:
«Փաստորեն, Սերժ Սարգսյանը Ռուսաստանին բանակցության սեղան է հրավիրում՝ հասկանալով, որ այս նախագիծը մեծ խթան կարող է դառնալ, առաջին հերթին՝ Հայաստանի, երկրորդ հերթին՝ Իրանի, Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Հայկական կողմը հասկանում է, որ այս ծրագրից կարող է դուրս մնալ, քանի որ կա Ադրբեջանը, իսկ Իրանն ու Վրաստանը անվերջ չեն սպասի:
Հասկանալի է, որ այս ծրագրին աջակցում է նաև Եվրոպական միությունը: Սակայն մինչ այդ, կարծում եմ՝ իրանական կողմն ակնկալում է «Հյուսիս-Հարավ» ծրագրի ավարտ, դրան ոչինչ չի խանգարում: Միայն հայտարարությունները բավարար չեն»,- ասաց Իրակլի Մենագարիշվիլին:
Նրա կարծիքով՝ միակ անորոշությունն այս նախագծի մանրամասներն են, որոնք փակ են և սահմանափակում են այդ ծրագրի գնահատումը: Թեև, նրա խոսքով՝ հասկանալի է նաև դա, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են:
Ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մեզ հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կներգրավվի բանակցություններում: Բայց, ըստ նրա՝ այդ նախագծում ռուսական շահ չկա, հետաքրքրությունն ու մասնակցությունը ռուսական կողմից անհասկանալի է:
«Հատկապես անհասկանալի է, քանի որ, հայտարարություններից բացի, իրատեսական պետք է գնահատել նման ծրագրերի իրագործելիությունը, քանի որ Իրանը ներկայումս ԱՄՆ-ի հետ շատ բարդ հարաբերությունների մեջ է, միայն ԵՄ-ի աջակցությամբ նման գլոբալ ծրագրեր չեն ստեղծվում, հատկապես, երբ Իրանը գուցե հայտնվի ամերիկյան նոր պատժամիջոցների տակ: Այս պայմաններում Իրանը պարզապես ունակ չի լինի իրականացնել իր այս առաջարկները՝ և՛ սահմանափակումների, և՛ միջոցների սղության պատճառով: Երբ չկա քաղաքական կամք կամ ցանկություն՝ անել այս կամ այն ծրագիրը, մեղադրվում է Ռուսաստանը, արդար չէ»,- ասաց Կ. Սիմոնովը:
Նա անհասկանալի է համարում հնչող կարծիքները, թե ՌԴ-ն կարող է խոչընդոտել այս նախագծին, պնդելով, որ նախագիծը նույնիսկ չի սկսվում: «Ինչի՞ համար են այդ խոսակցությունները, կողմերը դեռ միայն հայտարարություններ են տարածում, հստակություն չկա, թե ի՞նչ միջանցք է լինելու, ինչի՞ համար, ո՞ւր է գնալու, և այլն: Երբ ժամանակը գա՝ ՌԴ-ն իր կարծիքը կհայտնի, բայց դեմ լինել, ինչո՞ւ»,- ասաց Սիմոնովը:
Նա նշեց, որ ՌԴ-ն այսօր ավելի հետաքրքրված է Լարսի այլընտրանքով, որի համար փորձում է բանակցություններ վարել Վրաստանի, Հայաստանի հետ: «Ռուսաստանը և մասնակցում է այդ ծրագրին, ուստիև հետաքրքրված է, Հայաստանին, կարծում եմ, ևս ձեռնտու է: Կարծում եմ` այս երկու նախագծերը մրցակցային են»,- ասաց նա:
Լարսի այլընտրանքի և Պարսից ծոց-Սև ծով նախագծերի մրցակցայնության վերաբերյալ Մենագրիշվիլին ասաց, որ դրանք չեն կարող մրցակցային լինել:
«Իրանի հետ նախագծով հետաքրքրված են Վրաստանը, Իրանը, Հայաստանը, մյուս կողմից՝ նաև Ադրբեջանը, իսկ Լարսի այլընտրանքով` միայն Ռուսաստանը: Մեկ այլ հանգամանք ևս կա` Վրաստանը դեռ համաձայնություն չի տվել այդ նախագծին: Ինչ վերաբերում է օգուտներին, ապա ակնհայտ է` որտեղ են օգուտները»,- ասաց Մենագարիշվիլին: