«Ասեղը չես կարող միանգամից հետ քաշել». Վարդան Արամյան
Հայաստանի քաղաքացիների բարեկեցության աճի խնդիրը միայն Ֆինանսների նախարարության խնդիրը չէ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ ֆինիանսների նախարար Վարդան Արամյանը` խոսելով 2017թ. ընթացքում նախարարության կատարած աշխատանքի մասին:
«Բարեկեցության համար պետք է տնտեսական աճ, որը պետք է լինի ներառական: Տնտեսական աճի համար առաջին պայմանը` պարտադիր, բայց ոչ բավարար, ոսկյա կանոնը մակրոտնտեսական կայունությունն է»,- ասաց Վ.Արամյանը` հիշեցնելով չինացիների անեծքը` «ապրես փոփոխությունների դարաշրջանում»:
Ըստ նրա` կայունությունը լավ է, որպեսզի տնտեսվարողն իմանա, թե ամիսներ կամ տարիներ հետո գները, փոխարժեքը ինչպիսին են լինելու. «Եթե սա կայուն է, ավելի համարձակ են ներդրումներ անում: Ոչ պոպուլյար հարկաբյուջետային քաղաքականության դեպքում իրավիճակը կարող է գնալ դեպի անկայունություն»:
Նախարարը նշեց, որ 2015-16 թթ. մեզ համար ամենախնդրահարույցն են եղել, արտաքին շոկերը բացասական են ազդել, և կառավարությունը ստիպված պարտքեր է վերցրել, 2017-ին փորձել է պարտքը կայունացնել:
Վ.Արամյանի խոսքով` 2013թ.-ին ՀՆԱ մեջ պարտքը մոտ 30% էր, 2015-ին` շուրջ 50%, և այս աճը միանգամից կանգնեցնելը հնարավոր չէ: Պարտքի հետ կապված իրավիճակը Վ.Արամյանը համեմատեց նրա հետ, երբ մարդն ընկնում է հիվանդանոց, և դեղերը միանգամից կտրում են. «Ասեղը չես կարող միանգամից հետ քաշել»:
Ըստ նրա` հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է աստիճանաբար գնա կոնսոլիդացիայի, համեմատաբար մեծ շեշտադրում կատարվի կապիտալ ծախսերին, քիչ շեշտադրում` ընթացիկ ծախսերին, պետք է խելամտորեն իջեցնել դեֆիցիտը: Նախարարը նշեց, որ մակրոտնտեսական կայունության հենասյուներից մեկը ստվերի կրճատումն է. «Մենք պետք է կարողանանք այնպիսի հարկ բերել, որ չխանգարենք տնտեսական ակտիվությանը: Եվ կարծես թե որոշակիորեն հաջողություն ունենք»: