Ղարաբաղը կլինի ալիևյան նախընտրական արշավի գլխավոր խաղաքարտը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նախընտրական քարոզարշավի հռետորաբանությունը կառուցում է հակահայկական և պատերազմական հռետորաբանության հիման վրա:
Օրերս Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: Դիմելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել է, թե «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»:
«Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և այժմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Երևանի խանությունն ու Զանգեզուր-Գյոյչան»,- ասել է նա: Նաև հավելել է, որ ապագայում հարկավոր է ավելի ակտիվ լինել այդ հարցում և այդ թեմայով ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ անցկացնել աշխարհի տարբեր վայրերում: «Որովհետև Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը, և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի այս հավակնոտ հայտարարություններն առաջին անգամը չէ, որ հնչում են: Ադրբեջանցի պատմաբանները, պետական այրերն ու քարոզիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են Անդրկովկասյան ֆեդերացիայի փլուզման ու Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացման փուլում Երևանը հայերին որպես մայրաքաղաք «նվիրելու» կամ անգամ 100 տարով այն «ժամանակավորապես հանձնելու» մասին։
Վերջերս իր մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը կեսկատակ-կեսլուրջ անդրադարձավ ալիևյան ցինիզմին՝ ասելով, որ ավելորդ չէր լինի հնարավորություն տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մասնակցելու Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումներին։ «Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են անում: Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ Արցախը պատմական Ադրբեջանի տարածք է: Ես կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին հնարավորություն տալ՝ գալ Երևանի 2800-ամյակի միջոցառումներին մասնակցելու, միգուցե տեղում պատմությանն ավելի մոտիկից ծանոթանա»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանը նաև հիշատակել էր, որ այս տարի նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հաղթանակների 100-ամյակը:
«Այն հաղթանակների, որ մեր զինվորի քաջությամբ, ժողովրդի զոհողությամբ կարողացանք պաշտպանել հենց Երևանը և կարողացանք պաշտպանել մեր ազատ, անկախ ապրելու իրավունքը: Իսկ ի՞նչ են նշելու այս տարի Բաքվում. նշելու են Թուրքիայի կողմից ստեղծված Կովկասյան բանակի կողմից Բաքվի և այլ քաղաքների գրավումը. սա է պատմական իրողությունը: 1980-ական թվականների սկզբներին ներկա նախագահի հայրը Հայաստանում այցելել էր Սարդարապատի համալիր, այդ այցի լուսանկարները կան: Ես տեսել եմ: Կարծում եմ, որ մի օր հնարավոր կլինի, որ ներկա նախագահը նույնպես այնտեղ լինի»,- ասել էր Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է Ալիևի՝ Երևանը գրավելու նախընտրական ձգտմանը, ապա ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել էր, որ Ի. Ալիևն այս առումով միակ երազողը չէ: Նրա նախորդներից մեկը՝ Աբուլֆազ Էլչիբեյը, իր երկրի քաղաքացիներին նույնպես նման հույսեր էր ներշնչում՝ ամեն անգամ հայտարարելով, որ մտադիր է թեյ խմել Ստեփանակերտում. «Այժմ մենք տեսնում ենք, թե ով որտեղ է գտնվում և ինչ է խմում»: Շարմազանովը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին, այլև ամբողջ միջազգային հանրությանը կոչ էր արել ուշադրություն դարձնել Ալիևի հայտարարությանը և համապատասխան եզրահանգումներ անել:
Սակայն ուշագրավն այն է, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները ծաղրի են ենթարկվում ոչ այնքան՝ Հայաստանում, որքան՝ Ադրբեջանում: Երևանն ու Զանգեզուրը գրավելու հայտարարություններին են անդրադառնում ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները, այլև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները: Սակայն հայկական կողմի համար մտահոգիչ փաստն այն է, որ հակառակորդ երկրում նախագահական քարոզարշավի հիմքը հակահայկական հռետորաբանությունն է և պատերազմի պատրաստակամության բարձրաձայնումը:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն նշեց, որ ռազմատենչ հռետորաբանությունն ալիևյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Այնպես որ, ըստ նրա՝ արտասովոր բան չկա, որ Ալիևը խոսում է տարածքների վերադարձից, պատերազմից, հայրենիքից, և այլն:
«Քանի որ նախագահ Ալիևը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիևը չի կարող պարծենալ նաև նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է և այն թեման է, որի ուղղությամբ Ադրբեջանի նախագահն աշխատել է, սպառազինություն է գնել, ապրիլյան պատերազմն է եղել, որոշակի ակտիվություն միայն Ղարաբաղյան ֆրոնտում, ուստի այս նոր փուլում պետք է հենց այդ խաղաքարտը խաղարկվի:
Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը գործողությունների է դիմելու նախագահ վերընտրվելու դեպքում, պատերազմ է սկսելու, կարծում եմ` ոչինչ Ադրբեջանի գործելակերպում չի փոխվելու, ինչպես չի փոխվել նմանատիպ տասնյակ հայտարարություններից հետո: Փոխվում է հասարակության այն հատվածը, որի վրա այս հռետորաբանությունը հետքեր է թողնում, ավելի ագրեսիվ է դառնում հակառակորդի նկատմամբ, իշխանությունից պահանջում է պատերազմ, սակայն սա հասարակության այն հատվածն է, որն Ալիևի խոսքերն իրականության փոխարեն ընդունում է»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսեյ Մալաշենկոն:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, իրավիճակը փակուղային է, որի պատճառով էլ Ադրբեջանի նախագահը որոշել է նշանակել վաղաժամկետ ընտրություններ` հասկանալով, որ չնայած իր ճնշումներին՝ գուցե հայտնվեն այնպիսի ուժեր, այդ թվում՝ Արևմուտքի աջակցությամբ, որոնք հասարակությանը պատրաստ կլինեն առաջարկել ավելի ապահով ու կայուն կյանք՝ դրականորեն անդրադառնալով նաև Ղարաբաղյան հակամարտության վրա:
«Հասկանալով, որ չկան ներքաղաքական և արտաքին քաղաքական ձեռքբերումներ` Ալիևը հասարակությանն ուղղել է Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, իրականում չանելով կարգավորման համար որևէ քայլ, ամեն բան արվում է պատերազմի ուղղությամբ, սակայն, երբ գործը հասնի պատերազմին, վստահ չեմ, որ Ալիևը կցանկանա այն շարունակել, այս դեպքում ևս հասկանալով, որ գուցե չունենա հաջողություններ»,- ասաց Մալաշենկոն:
Ռուս քաղաքագետը կարծում է, որ ողջ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանի նախագահը ձեռքը պահելու է Ղարաբաղյան զարկերակի վրա՝ ժամանակ առ ժամանակ հրահրելով մանր իրավիճակներ շփման գծում, որոնք կշեղեն հասարակության ուշադրությունը բուն քարոզարշավից և նախընտրական ծրագրից: «Հենց սրանով է պայմանավորված այս օրերին տեղեկությունները շփման գծում զոհերի, դիվերսիաների և այլնի մասին, կարծում եմ` սա կշարունակվի: Ալիևի ընտրությունից հետո, իսկ նա կընտրվի, բանակցային գործընթացում կշարունակվի նույնը, շփման գծում` ևս»,- ասաց նա:
Գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում համաձայնություն հայտնեց իր ռուս գործընկերոջը՝ նշելով, որ կանխատեսելի քարոզարշավ է սպասվում Ադրբեջանում: Ըստ նրա՝ ծրագրային ելույթների փոխարեն՝ հասարակությունը և ողջ աշխարհը լսելու է պատերազմի քարոզչություն, որը էլ ավելի է հեղինակազրկելու Ադրբեջանի նախագահին Արևմուտքի աչքում:
«Թվում է, թե Ալիևը խորամանկում է, կարողանում է հասարակությանը մոլորեցնել, բայց Արևմուտքին և այլ գերտերություններին, որոնք ներգրավված են այս հակամարտությունում, դա չի կարող անել, այդ հայտարարությունները բոլորն են լսում, լսում են նաև հայկական կողմի հայտարարությունները, որոնք իսկապես կոռեկտության սահմանները չեն խախտում: Սա բացահայտում է ալիևյան իշխանության տրամադրվածությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում, բացահայտում է Ալիևի ծրագրերը, ռազմատենչ քաղաքականությունը, որին Արևմուտքը համապատասխան արձագանք պետք է ցուցաբերի»,- ասաց Ստյուարտը:
Թե ինչպիսի արձագանք, ինչպիսի գործիքներով՝ քաղաքագետը նշում է, որ այդ գործիքները և ձևերն այս հակամարտության դեպքում դեռ բացահայտված չեն: «Երբ դրանք բացահայտվեն և արդյունավետ լինեն, հակամարտությունը կկարգավորվի խաղաղ միջոցներով»,- ասաց նա: